Search
Close this search box.

Ո՞վ էր Նիկոլը հեղափոխությունից առաջ և հետո

Երբ 2013թ. նոյեմբերի 5-ին Ցեղակրոն կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը` իր 5-6 կողմնակիցների հետ, որոշեց Ազատության հրապարակից երթով շարժվել նախագահական նստավայր՝ պահանջելու այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, ոստիկանական մի ամբողջ գումարտակ հարձակվեց նրանց վրա ու նրանց բառիս բուն իմաստով սվաղեց ասֆալտին: Շանթ Հարությունյանն ու իր խմբի անդամներն իրենց այդ անմեղ արարքի համար դատապարտվեցին 5-6 տարվա ազատազրկման:

Երբ դրանից 5 տարի հետո Նիկոլ Փաշինյանը՝ իր 15-20 հոգանոց խմբով, հայտնվեց Ազատության հրապարակում և հայտարարեց, որ փակելու է Մաշտոցի և Սայաթ Նովա պողոտաներն ու Ֆրանսիայի հրապարակը, ոստիկանության մի քանի գումարտակներ կարծես վերադասից իջեցված հրահանգով սկսեցին մայթերին դրված աթոռները հանել ու շարել փողոցների վրա, որովհետև Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների ուժն ու կարողությունները չէին բավարարի այդ աթոռները տեղաշարժել: Իսկ առանց աթոռների փողոցը փակել հնարավոր չէր, քանի որ այդքան մարդ չկար:

Երբ 2013թ. Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այլևս չի առաջադրվելու նախագահ և ընդհանրապես իր երկրորդ ժամկետի ավարտից հետո մտադրություն չունի ղեկավարել երկիրը, շատերի մոտ հարց առաջացավ, թե նա ում է նախապատրաստում որպես իր իրավահաջորդ ու փոխարինող: Եվ երբ սկսվեց սահմանադրական փոփոխությունների գործընթացը և պարզ դարձավ, որ նախագահականին փոխարինելու է գալիս սուպեր վարչապետական կառավարման համակարգը, շատերը դարձյալ հարց տվեցին իրենց, թե եթե ոչ իր ապա ում համար է նա ստեղծում այդ համակարգը:

2015թ. դժվար էր պատկերացնել, որ այդ համակարգը կարվում է Նիկոլ Փաշինյանի հագով, չնայած Փաշինյանը չպայքարեց սահմանադրական հանրաքվեն անցկացնելու դեմ, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հռչակելով կեղծ օրակարգ:
Չէ՞ր կարող չէ մարդը պայքարել հանուն իր ապագայի փոփոխվող Սահմանադրությունը:

Երբ 2018. ապրիլին Նիկոլ Փաշինյանը և իր մի խումբ կողմնակիցները մտան Ռադիոտուն և գրավեցին պետհամալսարանը, շատերը սպասում էին ոստիկանության կոշտ արձագանքին, բայց դրա փոխարեն ոստիկանները Փաշինյանին պաշտպանում էին իշխանության առանձին և բանից անտեղյակ կողմնակիցներից:

Ըստ օդում կախված լուրերի՝ այդ ժամանակվա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը առաջարկել է կոշտ միջոցներ կիրառել խուլիգանական վարքագիծ դրսևորող Փաշինյանի դեմ, սակայն Սերժ Սարգսյանը շատ կտրուկ հակադարձել է, որ Գասպարյանը գլխով է պատասխանատու Փաշինյանի և նրա խմբի անդամների անվտանգության համար:

2018թ. ապրիլին, երբ իշխանության առանձին ներկայացուցիչներ փորձում էին ինքնակազմակերպվել և դիմադրություն ցույց տալ Փաշինյանի խմբակին, Սերժ Սարգսյանը հանդիպեց նրա հետ և հրապարակային կապիտուլյացիայի ենթարկվեց, հայտարարելով՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալ» իր թիմին զրկելով դիմադրության որևէ հնարավորությունից: Չի կարող չէ զորքը դիմադրություն ցույց տալ, երբ հրամանատարն է անցել հակառակորդի կողմը:

Երբ 2018թ. մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը Հանրապետական կուսակցության գործուն աջակցությամբ ընտրվեց վարչապետ և տեղափոխվեց կառավարական ամառանոց, հեղափոխության արդյունքում պաշտոնանկ արված Սերժ Սարգսյանը երկու ամսից ավելի շարունակում էր ապրել նույն ամառանոցում և Փաշինյանի հարևանությամբ, ըստ որոշ լուրերի ամենօրյա շփման մեջ լինելով նրա հետ:

Երբ Փաշինյանի իշխանությանը ինչ-որ բան է սպառնում, և նրա վարկանիշը սկսում է կտրուկ ընկնել, Փաշինյանի դեմ մի կենտրոնից իջեցված հրահանգով հանդես են գալիս ՀՀԿ-ի օդիոզ կերպարները, դրանով փրկելով նրա վարկանիշը, քանի որ հասարակությունը այնքան է սարսափած նրանց վերադարձից, որ պատրաստ է հանդուրժել Փաշինյանի իշխանության ցանկացած ձախողում: Այդ ՀՀԿ-ականները լիուլի վարձատրվում են, հասարակությանը ՀՀԿ-ի վերադարձով սարսափեցնելու և Փաշինյանին օգնելու համար:

Գնալով ավելի մեծ թվով մարդիկ են սկսում հասկանալ, որ Հայաստանում ոչ մի իշխանափոխություն, և առավել ևս հեղափոխություն տեղի չի ունեցել, Նիկոլ Փաշինյանը ընդամենը տիկնիկ է, իսկ տիկնիկավարը ղեկավարում է երկիրը ինչպես նախկինում:

ArmԼife.am