Search
Close this search box.

ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ. «Հայտնում ենք, որ Վերին Լարսի անցակետում ռուսական կողմից ներկայում գտնվում են մոտ 35 ՀՀ քաղաքացիներ, որոնք ցանկություն են հայտնում վերադառնալ Հայաստան սեփական ավտոմեքենաներով:

Վերստին ընդգծում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածման արդյունքում վրացական իշխանությունների կողմից երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ռուս-վրացական սահմանը շարունակում է փակ լինել օտարերկրյա քաղաքացիների համար:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը՝ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից որպես լուծման տարբերակ առաջարկվել է կազմակերպել ՀՀ քաղաքացիների վերադարձն առաջիկայում կայանալիք Սոչի-Երևան, Կրասնոդար-Երևան թռիչքներով՝ միաժամանակ հոգալով ինչպես կանանց և երեխաների ճանապարհածախսը, այնպես էլ՝ ՀՀ քաղաքացիներին պատկանող ավտոմեքենաները հատուկ հատկացված կայանատեղիներում պահելու հարցերը: Անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիները հրաժարվել են լուծման վերոնշյալ, ներկայում միակ տարբերակից՝ պահանջելով կազմակերպել իրենց վերադարձը Հայաստան բացառապես իրենց անձնական օգտագործման մեքենաներով:

Ընդգծենք, որ ՀՀ քաղաքացիները կարող են իրենց անձնական մեքենաներով ցամաքային ճանապարհով ՌԴ-ից Հայաստան վերադառնալ միայն Վրաստանի կառավարության՝ օտարերկրացիների մուտքը սահմանափակող որոշման չեղարկումից հետո»:

Այս Բաժնից