Search
Close this search box.

«Նորմալ գիտակցության մեջ, նորմալ հոգեվիճակում գտնվող մարդու արարք չէ». «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Մայիսի 5-ի առավոտյան Երեւանում հայրը՝ զինվորականը, երիտասարդ մարդը, 9-րդ հարկից ցած նետեց իրեն ու 8 եւ 5 տարեկան զավակներին։ Այս վայրագությունն ի՞նչ բացատրություն ունի, ինչպե՞ս կարող է մարդը նման բան անել՝ ինքնասպանություն գործել, այն էլ՝ մանկահասակ երեխաներին կյանքից զրկելով։ Արդյոք նա հոգեբանական խնդիրնե՞ր է ունեցել, թե՞ հոգեպես առողջ մարդը նույնպես կարող է նման քայլի գնալ։ Մեր հիշողության մեջ եւս մի նման դեպք կա՝ տարիներ առաջ երիտասարդ կինն իր 6-ամյա դստեր հետ նետվեց Կիեւյան կամրջից՝ հասարակությանը շոկի մատնելով։ Այն ժամանակ պարզվել էր, որ կինը գործազուրկ է դարձել եւ, հավանաբար, սթրեսին չի դիմացել։ Բայց եթե մարդն ազատ է իր կյանքի հետ վարվելու այնպես, ինչպես ցանկանում է, ինչո՞վ է բացատրվում երեխաներին հետը մյուս աշխարհ տանելու սահմռկեցուցիչ որոշումը։

Կատարվածի առնչությամբ զրուցեցինք հոգեբանի հետ։ Հոգեբան Սամվել Խուդոյանի կարծիքով՝ անհնար է, որ այդ մարդը հոգեպես առողջ լիներ։ Նրա խոսքով՝ այլ բան է ինքնասպանությունը, այլ բան՝ ինքնասպանությունն ու երեխաների սպանությունը։ «Նորմալ գիտակցության մեջ, նորմալ հոգեվիճակում գտնվող մարդու արարք չէ։ Հիշո՞ւմ եք՝ ժամանակին մի դեպք կար, երբ մայրը երեխային սպանել էր, բոլորն ասում էին՝ նորմալ է, ես ասացի՝ անհնար է։ Հետո պարզվեց, որ իսկապես հիվանդ է։ Շիզոֆրենիա, հոգեկան այլ հիվանդության տեսակներ․․․ անհնար է, որ պատուհանից դուրս շպրտի էրեխուն․․․ էն էլ՝ զինվորականը, որը, ամեն դեպքում, ավելի ամուր հոգեկերտվածք ունի»,-զարմանում է հոգեբանը։ Նա բացառում է, որ մարդը դեպրեսիվ վիճակի կարող էր հասնել կորոնավիրուսի կարանտինի պատճառով։ Խուդոյանն ասում է․ « Չէ, չէ, ես որ ասում եմ՝ հոգեկան խանգարում, նկատի ունեմ՝ լուրջ պսիխոտիկ վիճակ։ Շատ լուրջ հոգեկան հիվանդություն, ոչ թե դեպրեսիա-մեպրեսիա»։ Միակ բանը, որ նա չբացառեց, բացի շատ լուրջ, շատ խորը հոգեկան հիվանդությունը, կրոնական ինչ-ինչ պատկանելությունն է ու «բացատրությունները», թե անմեղ երեխաներին փրկում է այս կեղտոտ աշխարհից, ուղարկում Քրիստոսի մոտ։

Հոգեբանը եւս նկատել է ու անհանգստացել, որ կարանտինը հանելու հենց առաջին օրը ողջ Երեւանը թափվել էր փողոց, սրճարաններում էր։ Պատճառը, ըստ նրա, այն է, որ մարդկանց մեջ ինչ-որ հիմար թերահավատություն կա, որ հիվանդությունը լուրջ չէ, սուտ է։ Նա կարծում է․ «Չիփավորման համար է, թե ինչ-որ․․․ մի խոսքով, շատ արխային են, երիտասարդները չեն անհանգստանում, վտանգը չեն տեսնում։ Ի տարբերություն, մեծահասակները շարունակում են զգույշ լինել, բայց, ամեն դեպքում, անհեթեթություն է»։

Հոգեբանին հարց ուղղեցինք՝ երիտասարդներն «արխային են»՝ մտածում են, որ իրենք չեն հիվանդանա, բայց չե՞ն մտածում իրենց տարեց հարազատներին վարակելու ու նրանց մահվան պատճառ դառնալու մասին։ Հոգեբանի բացատրությունը․ «Մարդը, սովորաբար, չի մտածում, որ կգա ու հենց իրեն կկպնի։ Միշտ մտածում է, որ իր բախտը կբերի, որ ինքը չի հիվանդանա, ի՞նչ է՝ մի քանի հարյուր հոգի, մի քանի հազար, ու, նորից եմ ասում՝ շատերի գլուխներում էն հիմար պատկերացումն է, թե դա չիփավորման համար է, չգիտեմ․․․ եւ լուրջ մարդիկ են խոսում, որ «բոլորս պետք է վարակվենք՝ մեկ ա», եզակիներն են մահանում, միայն համակարգային հիվանդություններ ունեցողներն են մահանում․․․ եւ այսպես»։ Հոգեբանը շատ դժգոհ է նաեւ նրանից, որ իշխանությունները նորմալ չեն բացատրում, օրինակ, թե «ոնց ԱՄՆ-ի նման երկիրն այդքան զոհ տվեց»։