Search
Close this search box.

Միգրացիայի ժամանակավոր դադարեցումը կարող է մշտական դառնալ.այն վերաբերում է «գրին քարտերի» դիմումատուներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր խորհրդականներից մեկը` Սթիվեն Միլերը, հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի կողմից ներգաղթի ժամանակավոր արգելքի մասին ստորագրած հրամանը մշտական բնույթ կկրի մի շարք կատեգորիաների ներգաղթյալների համար, գրում է The Washington Post-ը:

Միլերը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմը քննարկում է օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության սահմանափակման միջոցները: Ըստ նրա` նախագահի հրամանագիրը դիտարկվում է երկարաժամկետ կտրվածքով:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել 60 օր ժամկետով ԱՄՆ ներգաղթի ժամանակավոր արգելքի մասին:

Հրամանագիրը վերաբերում է «գրին քարտերի» դիմումատուներին` կրկին աշխատանք գտնել փորձող ամերիկացիներին պաշտպանելու նպատակով, ովքեր կորցրել են իրենց աշխատանքը կորոնավիրուսի համավարակի հետեւանքով:

Արգելքը կվերանայվի 60-օրյա ժամկետից հետո:

2016 թվականին ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումների թվում էր ներգաղթի չեղարկումը: Նախագահի քաղաքականության քննադատներն այս հայտարարությունը կորոնավիրուսի համավարակից օգտվելու փորձ են համարում` իր երկար սպասված քաղաքական նպատակին հասնելու համար:

Վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը հայտարարել էր, որ Թրամփի աշխատակազմը քննարկում է առանձին քայլի ներդրումը՝ ուղղված H-1B վիզաների (օտարերկրյա զբոսաշրջիկի վիզա, որն ամերիկյան ընկերություններին թույլ է տալիս մինչեւ 6 տարի ժամկետով օտարերկրացի աշխատողի ընդունել) հայտատուների ընդգրկմանը: Թրամփը հաստատել է, որ քննարկվում է նաեւ այդ կարգադրության կատարումը:

Ըստ սպիտակ տան աղբյուրի՝ առաջին հրամանում («գրին քարտի» մասին) բացառություն է արվելու մարդկանց համար, որոնք մասնակցում են կորոնավիրուսի համավարակին արձագանքմանը, այդ թվում` ֆերմերային տնտեսությունների աշխատողների եւ նրանց համար, ովքեր օգնում են ԱՄՆ-ում սննդամթերքի մատակարարումների ապահովմանը: