Search
Close this search box.

Նոր նմուշառումներ և 90-ամյա պապիկի մահ. ինչ իրավիճակ է Մարալիկում

Շիրակի Մարալիկ համայնքում այսօր կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է երկուսով։ Ցավոք, գրանցվել է նաև 1 մահվան դեպք. 90-ամյա պապիկը, ում մոտ գիշերը նմուշառումը դրական արդյունք էր տվել, հաստատումից 1 ժամ անց մահացել է:

Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցի ժամանակ հայտնեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Նա նաև ասաց, որ այսօր թեստի դրական պատասխան ունեցած մյուս պացիենտը հիվանդանոցի աշխատակիցներից է: Վերջինս արդեն տեղափոխվել է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց: Այսպիսով` Մարալիկի հիվանդանոցի 19 աշխատակցի մոտ հաստատվել է վարակը:

«90 -ամյա տարեց մարդն ուներ նաև ծերունական խնդիրներ: Երեկ արագ նմուշառում իրականացվեց նրանից, որպեսզի հաստատման դեպքում նրան հիվանդանոց տեղափոխեին՝ իր ընտանքի անդամի հիվանդասենյակ, սակայն թեստավորման դրական արդյունքներից մեկ ժամ անց, ցավոք, 90- ամյա քաղաքացու մոտ մահ գրանցվեց»,-նշեց Տիգրան Պետրոսյանը՝ տեղեկացնելով որ մինչ նմուշառումը, հաշվի առնելով տարեց մարդու ունեցած առողջական խնդիրները, ընտանիք անդամները նախընտրել են բուժումն իրակացնել տանը:

Մահացած քաղաքացու ընտանիքի անդամների հետ քննարկման արդյունքում նրա հուղարկավորություն իրականացվել է անհապաղ:

Մարալիկում ու Ձորակապում այս ընթացքում կատարվում են ախտահանման ու կանխարգելիչ մի շարք միջոցառումներ: «Ոստականությունը, ԱԱԾ-ն և Շիրակի մարզպետարանի աշխատակազմը նախատեսվող մի շարք գործողություններ են արդեն իրականացրել: Տեղաշարժն ամբողջությամբ՝ ինչպես տրանզիտ երթևեկության, այնպես էլ Մարալիկ ու Ձորակապ բնակավայրերի քաղաքացիների, վերահսկվում է»,- նշեց Շիրակի մարզպետը` հույս հայտնելով, որ ստեղծված հսկողությունն իր արդյունքը կտա և հնարավոր կլինի նոր դեպքերից զերծ մնալ: