Search
Close this search box.

Այս պատերազմում չկան և չեն կարող լինել դասական իմաստով հաղթողներ

ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Դե ինչ, ժողովուրդ ջան, հուսով եմ, որ մեր բոլորիս մոտ քիչ-քիչ տեղի է ունենում երկու շատ կարևոր երևույթների գիտակցում, որոնք, թեև գլոբալ բնույթ են կրում, սակայն միանշանակ ազդեցություն են թողնելու ամենն մեկիս վրա:
Նախ պետք է արձանագրել, որ մենք այժմ փաստացի գտնվում ենք երրորդ համաշխարհային պատերազմի վիճակում. միակ տարբերությունն այն է, որ ողջ մարդկության թշնամին մանրադիտակային վիրուս է, բայց երևույթի էությունը դրանից չի փոխվում:
Ի վերջո, ինքներդ ձեզ համար մտածեք. ամբողջ մոլորակը ռեսուրսներ է նետել այս պատերազմին, բայց պատերազմների պատմության մեջ առաջին անգամ չկան չեզոք երկրներ, բոլոր երկրները պայքարում են, պարզապես այս պատերազմի առաջնագծում զինվորների փոխարեն բժիշկներ են:

Ինչպես և ցանկացած պատերազմ, երրորդ կորոնովիրուսային պատերազմը զարգանում է ըստ դասական սխեմայի. նախ ՝ վիրուսի հարձակումը, հետո’ զոհեր, այնուհետև տեղի է ունենում բնակչության մոբիլիզացիա (կարանտին), ապա տնտեսության կանգ, լճացում և տնտեսական ճգնաժամ:

Կորոնովիրուսի երրորդ համաշխարհային պատերազմը առանձնանում է նաև նրանով, որ այս պատերազմում չկան և չեն կարող լինել դասական իմաստով հաղթողներ: Բայց տարօրինակ է, որ այնուամենայնիվ այս պատերազմում անպայման կլինեն պարտվողներ, ընդ որում, պարտությունը շատ պարզ կարտահայտվի:
Այն երկրները, որոնք չեն կարողանա հարմարվել հետկորոնավիրուսային աշխարհի նոր ձևաչափին, կանհետանան, նախ և առաջ’ տնտեսապես, և հետո բնականաբար քաղաքականապես:

Սա անվիճելի փաստ է, քանի որ համաճարակն, ըստ էության, միայն արագացրեց աշխարհի նոր տնտեսական և քաղաքական վերփոխումը, վիրուսը միայն արագացրեց այս գործընթացները:
Հիմա մենք պետք է հասկանանք ամենակարևորը, որքան արագ մենք սա գիտակցենք և գտնենք նոր տնտեսական պայմաններում գոյատևելու մեր բանաձևը, այնքան բարձր են այս պատերազմից դուրս գալու մեր հնարավորությունները’ համեմատաբար ընդունելի տնտեսական կորուստներով:

Կա ևս մեկ դրական պահ. լիբերալիզմի այլայլված տեսության վրա հիմնված համաշխարհային գլոբալիզացիան նույնպես մնացել է անցյալում. եկել է գլոբալ առումով ամբողջ աշխարհում կոշտ ուղղահայաց կառավարման և պահպանողական կենտրոնամետ գաղափարների գերակայության ժամանակը:

Աշխարհի զարգացման նոր գաղափարախոսությունը հիմնված կլինի ազգային քաղաքական կառույցների (երկրների) խորքային զարգացման և այդ կառույցներում արվող ներդրումների վրա: Բայց այս մասին, եթե հետաքրքիր է, մենք կխոսենք հաջորդ անգամ …