Search
Close this search box.

ՊՆ-ի հետ պայմանագիր կնքած պարտադիր զինծառայության ժամկետը սահմանվում է 3 տարի

Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, որով պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է շարքային կազմի համար` 24 ամիս, իսկ ՊՆ-ի հետ պայմանագիր կնքած պարտադիր զինծառայողների համար՝ 3 տարի, տարկետման իրավունքը խիստ սահմանափակվում է:

Ըստ այդմ` պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերի ցանկից հանվել է զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս կամ ՀՀ պաշտպանությանը մասնակցելիս զոհված (մահացած) հայր (մայր), քույր (եղբայր) ունեցող և ընտանիքի միակ արու զավակը հանդիսանալու հիմքով զինվորական ծառայությունից ազատվելու իրավունքը, գիտական աստիճան ունենալու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունքը գործելու է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հստակեցվել են շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության զորակոչերից տարկետման հիմքերը, ուսումը շարունակելու կապակցությամբ տարկետման իրավունքը փոխարինվել է նպատակային ուսումնառության համար տարկետումով, որի համաձայն՝ բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում կարող են ստանալ միայն ՀՀ պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքած («Պատիվ ունեմ» ծրագիր) կամ հանրակրթական և նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորող քաղաքացիները:

Նախարարի տեղեկացմամբ՝ բանակից տարկետում կստանան նաև լավագույն մարզիկները. «3-4 տարով տարկետում կստանան միայն Օլիմպիական խաղերում, Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում 1-4–րդ տեղերը զբաղեցրած մարզիկները։ Եթե այդ ժամանակահատվածում նրանք չկրկնեն իրենց արդյունքները, նրանք բանակ կզորակոչվեն։ Այդ պատճառով նրանց համար դա նոր խթան կդառնա ավելի արագ վազել եւ ավելի բարձր ցատկել»,-նշել է նախարարը։