Search
Close this search box.

Շիրակի պետհամալսարանի ռեկտորի՝ «Մինասյան և Co»-ի «հոլիվուդյան» հոնորարները, և դասախոսների ստացած գրոշները. Գագիկ Համբարյան

Շիրակի պետհամալսարանի «միամիտ» մամլո ասուլիսների սիրահար ռեկտոր Սահակ Մինասյանը, որը ցանկանում է Շիրակի Մայր ԲՈՒՀ-ը դարձնել միջազգային չափանիշներին համապատասխանող ուսումնական հաստատություն, սկսեց զուգարաններից և շարունակում է բուֆետադահլիճային թանկարժեք շինարարությամբ, ինչի հետևանքով նախորդ ռեկտորից ժառանգած 500 միլիոն դրամից բյուջեում գրեթե գումար չի մնացել: Պարոն Մինասյանը երևի մոռանում է, որ ամենաառաջինը միջազգային չափանիշներին պետք է համապատասխանեցներ ոչ թե թուրքական՝ «պպզովի» ոճով իր կողմից վերանորոգված զուգարանները և այլ անիմաստ շինարարություններ նախաձեռներ, այլ դասախոսների աշխատավարձերը գոնե մոտեցներ այդ միջազգային ստանդարտներին:

Պարոն Մինասյանը համալսարան այցելած ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին և հոկտեմբերի 2-ին ԲՈՒՀ ժամանած ԿԳ նախարարության ստուգող հանձնախմբին ԽԱԲԵԼ է, որ համալսարանի ադմինիստրատիվ կազմի և դասախոսների աշխատավարձերը շատ քիչ են տարբերվում այն, ինչ ռեկտորի թեթև ձեռամբ ԲՈՒՀ-ում բացվել է «Մինասյան և Co» ընկերությունը, որի մեջ ընդգրկված անձինք, լինելով պարոն Մինսայանի մտերիմները, ահռելի (ԲՈՒՀ-ի չափանիշներով) աշխատավարձեր են ստանում, իսկ պրոֆեսորադասախոսական անձնակազմը բավարարվում է գրոշներով: Բազմաթիվ հարցազրույցներում նշել եմ, որ 2500 ուսանող ունեցող Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը ինքն իրեն նշանակել է բավական բարձր աշխատավարձ՝ 700 հազար դրամ (ըստ հաստիքացուցակի): Սակայն պարոն ռեկտորը, ԶԼՄ-ներին հարցազրույց տալուց հայտարարում է, որ ստանում է 500 հազար: Այո, ստանում է առձեռն 500 հազար, բայց հաստիքացուցակում, որը ներառում է իր մեջ նաև բոլոր հարկերը, նշված է 700 հազար դրամ: Այդ ամենը արվում է միտումնավոր: Եթե պարոն Մինասյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հայտարարում է իր «մաքուր» աշխատավարձի մասին, ապա լավ կլիներ, որ այդպիսի «մաքրությամբ» էլ անդրադառնար պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձերին, այլ ոչ թե դրանց «կեղտոտ չափը» բարձրաձայներ և մեխանիկորեն խեղաթյուրեր իրականությունը:

Պարոն Մինասյանի 700 հազար դրամանոց աշխատավարձը ստիպեց ինձ ուսումնասիրել հայաստանյան մյուս ԲՈՒՀ-երի ռեկտորների աշխատավարձերը, որի արդյունքում պարզեցի, որ Սահակ Մինասյանը ԱՄԵՆԱԲԱՐՁՐ վարձատրվող ռեկտորն է, որը ղեկավարում է սոցիալապես ամենաանապահով մարզի Մայր ԲՈՒՀ-ը: Հայաստանյան ԶԼՄ-ներից մեկի տվյալների համաձայն` մոտ 20 հազար ուսանող ունեցող Երևանի պետհամալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը ստանում է 808500 դրամ: 6360 ուսանող ունեցող Երևանի բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը՝500 հազար դրամ, 7000 ուսանող ունեցող Երևանի տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը՝693 հազար դրամ: 10 հազար ուսանող ունեցող Հայաստանի պետական մանկավարժական հաամալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի աշխատավարձը կազմում է ընդամենը 589600 դրամ, իսկ նույնքան ուսանող ունեցող Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի աշխատավարձը կազմում է ընդամենը 444 հազար դրամ: Մոտ 4000 ուսանող ունեցող Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորի աշխատավարձը կազմում է 400 հազար դրամ (բոլորի աշխատավարձերը ներկայացված է հարկերը ներառյալ): Հետաքրքիր է, այդ ի՞նչ ծառայություններ է մատուցում Շիրակի պետհամալսարանի գիտթեկնածու և մի 4-5 «գիտական» հոդվածների հեղինակ ռեկտոր Սահակ Մինասյանը, որ, ունենալով ընդամենը 2500 ուսանող, 110 հազար դրամով ավելի շատ է վարձատրվում 20 հազար ուսանող ղեկավարող, 81 գիտական աշխատանքների և 4 մենագրությունների հեղինակ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանից: ԿԳ նախարարությունում ինչպե՞ս են այս ամենը մեկնաբանում:

Երևանյան և ընդհանրապես հայաստանյան բոլոր ԲՈՒՀ-երի ռեկտորները պետք է երազեն, որ, հաշվի առնելով իրենց ուսանողների թիվը և վարձավճարները, այսպիսի «հոլիվուդյան» աշխատավարձ ստանային: Պարոն Մինասյանը նույնքան շռայլ՝ «հոլիվուդյան» է գտնվել իր ընկերների և մտերիմների հանդեպ ևս: Հայաստանյան շատ պաշտոնյաներ, այդ թվում նաև մարզպետներ և քաղաքապետեր, էլ չեմ ասում նույն նախագահի և վարչապետի խորհրդականների և օգնականների մասին, կերազեին ռեկտոր Մինասյանի մոտ աշխատեին որպես թեյ և սուրճ եփող գործավարուհի, որն ըստ հաստիքացուցակի` ստանում է 200 հազար դրամ աշխատավարձ, օգնական և խորհրդական՝ 250-300 հազար դրամ աշխատավարձ, Որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն, Ուսումնագիտական և խորհրդատվական կենտրոն-գրադարանի տնօրեն,գլխավոր ֆինանսիստ, գլխավոր հաշվապահ՝ 350 հազար դրամ, բժիշկ՝250 հազար դրամ և այլն: Շիրակի մարզի գլխավոր բուժհաստատության և շատ պոլիկլինիկաների առաջատար բժիշկները և բուժքույրերը կերազեին ստանալ համապատասխանաբար 250 և 95 հազար դրամ ամսական աշխատավարձ: Իսկ դասախոսները, ըստ պարոն Մինասյանի, պետք է բավարարվեն գրոշներով: Մեկ ամիս ժամավճարով պարապելուց հետո պրոֆեսորադասախոսական անձնակազմին վճարեցին դրույքաչափով, որի արդյունքում դասախոսների աշխատավարձերը բավական նվազեցին: Իսկ դրույքաչափերը հետևյալն են. 1 դրույքաչափը չպաշտպանած դասախոսների համար՝ 150 հազար դրամ՝ հարկերը ներառյալ,այսինքն՝ «կեղտոտ»: Առձեռն դասախոսը ստանում է 102 հազար դրամ, գիտթեկնածու-դոցենտները՝ 180 հազար դրամ (123 հազար դրամ առձեռն), գիտթեկնածուները՝ 170 հազար դրամ, իսկ պրոֆեսորները՝ 210 հազար դրամ: Հետաքրքիր է, պարոն Մինասյանի ասած ադմինիստրատիվ կազմի և պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձերի համաչափությունը որտե՞ղ է պահպանված: Այո՛, գիտությունից անսահման հեռու, գիտությունը չսիրող և ԲՈՒՀ-ական կրթությունից բացարձակ ոչինչ չհասկացող ռեկտոր Մինասյանի համար իր թեյ եփող գործավարուհին և Շիրակի պետհամալսարանում դասավանդող պրոֆեսորները նույն հարթակում են գտնվում:

Հ.Գ.Պարոն Մինասյանը ԲՈՒՀ է մտել՝ «Եթե նախկինում Ձեզ մոտ հանրապետություն է եղել, ապա այժմ կլինի կայսրություն» (այս արտահայտությունը հենց նա է ինձ ասել) կարգախոսով: Այդ կարգախոսին համապատասխան էլ գործում է: «Կայսրի»՝ Մինասյանի թիմակիցներն օգտվում են ամեն ինչից, իսկ մյուսները՝ գրոշներից: Պարոն Մինասյանը չի ընդունում նաև քննադատություն: Իրեն քննադատողների նկատմամբ տոտալ վերահսկողություն է սահմանում և շատերին ահաբեկում՝ չշփվել «ընդդիմադիրների» հետ: Ու այս ամենը տեղի է ունենում 21-րդ դարում և Շիրակի պետական համալսարանում:

Գագիկ Համբարյան