Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ. Ի հիշատակ Լևոն Հայրապետյանի Ստեփանակերտում սգո երթ է անցկացվել

Արցախի պետական համալսարանի նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտում տեղի է ունեցել սգո երթ` ի հիշատակ հայազգի մեծ գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի: Երթի մասնակիցները պաստառներով ու բարերարի նկարներով շարժվել են մայրաքաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցի, այնտեղ էլ նրա հիշատակին կազմակերպվել է մոմավառություն:

Իսկ Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Մինաս քահանա Մովսիսյանի առաջնորդությամբ կատարվել է հոգեհանգստյան արարողություն:

Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը համարվում է ամենախոշոր ներդրողը Լեռնային Ղարաբաղի ժամանակակից պատմության մեջ։ Նրա ծրագրերն իրագործվել են Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Գործարարի միջոցներով 2000-2002 թվականներին վերակառուցվել է հայկական հռչակավոր Գանձասարի վանական համալիրը (13-րդ դար ), որը ներկայիս օրերում Ղարաբաղի ամենաբարեկարգված սրբավայրերից մեկն է համարվում։ Զգալի միջոցներ են ներդրվել Վանք գյուղի վանական համալիրի շրջակայքում տեղակայված ենթակառուցվածքների զարգացման գործում։ 2008 թ. հոկտեմբերի 16-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին մոտ՝ հինավուրց Շուշիում և պատմական Գանձասարում բարերարը կազմակերպել է նորապսակների համատեղ պսակադրություն։ Այդ արարողությունը, 700 երիտասարդների մասնակցությամբ, իր տեսակով առաջինն էր ոչ միայն Արցախում, այլև ողջ Հայաստանում։ Մեծ հարսանիքի օրը 200 զույգ պսակադրվել է Գանձասարի վանքում։ Մի քանի ժամ անց ևս 500 զույգ պսակադրվել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում։

Լ. Հայրապետյանը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման: 2016-ին նա տեղափոխվել էր Մորդովայի բանտ, որը համարվում է Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը:

[smartslider3 slider=151]