Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դա կուսակցականացված Սահմանադրական դատարան է. այսպիսի իրավիճակ չենք կարող հանդուրժել. Նիկոլ Փաշինյան

Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամ, որտեղ «Տևական համագործակցություն նոր նախանշանների ներքո, Հայաստան-Գերմանիա հարաբերություններ» խորագրով հանդիպում է ունեցել ԳԴՀ գիտական, փորձագիտական շրջանակների հետ:

Հիմնադրամի համանախագահ, նախագահության խորհրդի անդամ Կլարա Գեյվիցը շնորհակալություն է հայտնել վարչապետին հիմնադրամ այցելելու և փորձագիտական շրջանակներին Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները ներկայացնելու պատրաստակամության համար: «Հայաստանը միշտ եղել է տարբեր մշակույթների խաչմերուկում, սակայն պահպանել է իր ինքնությունը։ Այսօր էլ Հայաստանը քաղաքական կարևոր դերակատարում ունի։ Տեսնում ենք, որ բարի դրացիական հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, ԵԱՏՄ֊ի անդամ երկիր է և միաժամանակ ԵՄ֊ի հետ ունի ստորագրած համապատասխան համաձայնագիր»,- ասել է Կլարա Գեյվիցը` արձանագրելով, որ Գերմանիան լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ և կարևոր է համարում համագործակցության խորացման հնարավորությունները։ Կլարա Գեյվիցը նկատել է, որ Հայաստանը կարող է դառնալ գրավիչ երկիր արտասահմանյան ներդրողների համար։ «Նոր կառավարությունը, ստանձնելով պարտավորություններ, առճակատվում է հին բեռի հետ։ Համոզված ենք, որ դյուրին չէ փոփոխություններին հասնելը, և մենք կարող ենք մեր նպաստը բերել այդ զարգացումներին», – ֊ասել է Կլարա Գեյվիցը` հիշեցնելով, որ հիմնադրամն ունի ներկայացուցչություն Հայաստանում և տարբեր միջոցառումների շրջանակում իր աջակցությունն է ցուցաբերել Հայաստանին։

Իր խոսքում վարչապետ Փաշինյանըն անդրադարձել է Հայաստանի տնտեսության ոլորտում տեղի ունեցող դրական զարգացումներին, տարբեր ուղղություններով կառավարության քաղաքականությանը, դատաիրավական բարեփոխումներին և այլ թեմաների:

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը ներկայացնում է վարչապետի խոսքն ամբողջությամբ:

«Հարգելի՛ բարեկամներ,
Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Մեծարգո՛ տիկին Գեյվից,
Տիկնա՛յք և պարոնյա՛ք,

Ուրախ եմ այսօրվա հնարավորության համար: Ուղիղ մեկ տարի առաջ իմ առաջին պաշտոնական այցն եմ կատարել Գերմանիա և ուրախ եմ, որ մեր հարաբերություններն այսպիսի ինտենսիվություն են ձեռք բերում: Նախորդ տարի իմ այցի շրջանակում հնարավորություն ունեցա հանդիպում ունենալ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում և այս անգամ ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալվել Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ հնարավորություն ունեմ վերջին մեկ տարվա ընթացքում շփվել գերմանական թինկ թանկների ամենախոշոր և նշանակալից երկու ներկայացուցիչների հետ և թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ այսպիսի հնարավորության համար:

Այո՛, 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխություն, որի հիմնական ասելիքը և բովանդակությունն ամփոփված է հենց այդ բառերի մեջ՝ սիրո և համերաշխության հեղափոխություն: Բայց այդ հեղափոխության ամբողջ կոնտեքստը ժողովրդավարությունն էր, օրենքի իշխանությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, և այն շարունակում է այսօր լինել մեր հիմնական օրակարգը:

Շատ կարևոր է արձանագրել, թե Հայաստանի Հանրապետությունում ինչ է տեղի ունեցել հեղափոխությունից հետո` վերջին մեկուկես տարվա ընթացքում, և ինչպիսին են արդյունքները Հայաստանում հեղափոխությունից հետո: 2019 թվականն այս առումով շատ կարևոր տարի էր, որովհետև առաջին ամբողջական տարին էր, երբ Հայաստանում կառավարման ղեկին է հայտնվել հեղափոխության արդյունքներով ձևավորված իշխանություն, կառավարություն, խորհրդարան: 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և այդ խորհրդարանական ընտրություններն առաջինն էին, որոնց արդյունքներն ընդհանրապես չվիճարկվեց որևէ մեկի կողմից ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո, ոչ հանրային կարծիքի առումով: Դրանից առաջ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած բոլոր խորհրդարանական ընտրությունները վիճարկվել էին, արժանացել միջազգային դիտորդների ծանր քննադատությանը: Եվ այս անգամ ոչ միայն հայ հանրությունը, այլ նաև միջազգային հանրությունը ոչ միայն որևէ քննադատություն չհնչեցրեց խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, այլև արձանագրեց, որ այն տեղի է ունեցել միջազգային ստանդարտներին համապատասխան: Սա հեղափոխության առաջին և ամենակարևոր արդյունքն էր:

Բայց դրանից հետո էլ 2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունն առաջընթաց է արձանագրել քաղաքական և մարդու իրավունքների հետ առնչվող բոլոր վարկանիշային ցուցակներում: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունն առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության համաշխարհային ինդեքսում, խոսքի ազատության համաշխարհային ինդեքսում: Այսօր Հայաստանի Հանրապետությունն համացանցի ազատության առումով զբաղեցնում է 8-րդ տեղը վարկանիշային ցուցակում՝ կիսելով այդ հորիզոնականը Ֆրանսիայի հետ: Մենք հակակոռուպցիայի ընկալման վարկանիշում հսկայական առաջընթաց ենք արձանագրել և այս պրոցեսն աներկբա շարունակվելու է Հայաստանի Հանրեպությունում:

Ուզում եմ արձանագրել, որ նաև 2019 թվականին Հայաստանի Հարապետությունում տնտեսական առումով շատ նշանակալի տարի էր: Նախ երկար տարիների ընդմիջումից հետո տնտեսական վարկանիշային երկու կազմակերպությունները՝ «Ֆիթչը» և «Մուդիսը» բարձրացրեցին Հայաստանի վարկանիշը, տեղի ունեցավ եվրոբոնդերի թողարկում, որն աննախադեպ էր իր պահանջարկով և ցածր տոկոսադրույքներով: Բացի այս, 2019 թվականին և՛ Համաշխարհային բանկը, և՛ Արժույթի միջազգային հիմնադրամը փոխեցին Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարի վերաբերյալ իրենց գնահատականները՝ այն էականորեն բարելավելով, այսինքն դարձնելով ավելի բարենպաստ: Այսօր կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունն իսկապես վայելում է այն պտուղները, որոնք պիտի վայելեր հեղափոխությունից հետո: Իհարկե, չեմ ասում, թե ամեն ինչ կատարյալ է Հայաստանի Հանրապետությունում, բայց կարող եմ ասել, որ մենք ձգտում ենք կատարելության և ոչ միայն ձգտում ենք, այլև կոնկրետ գործունեություն ենք ծավալում դրա համար:

Բայց այնուամենայնիվ, ձեր թույլտվությամբ, ես ուզում եմ մի քանի տնտեսական արդյունքների մասին խոսել: 2019 թվականի արդյունքներով մենք սպասում ենք 7,9-8 տոկոս տնտեսական աճ, և Արժույթի միջազգային հիմնադրամի արձանագրմամբ` սա լավագույն ցուցանիշն է ամբողջ եվրոպական տարածաշրջանում՝ ներառյալ նախկին խորհրդային հանրապետությունների շրջանում: Մենք ունեցել ենք ընդամենը 1,4 տոկոսի գնաճ 2019թ.: Բացի այդ, գործազրկությունը 2,2 տոկոսով անկում է ապրել: Արտահանումն ավելացել է 9 տոկոսով: 2018 թվականից ի վեր մենք կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում 105 մլն դոլարի գումար ենք վերադարձրել պետական բյուջե: Բայց պետք է ասեմ, որ և՛ անձամբ ես, և՛ մեր հանրությունն այս ցուցանիշից դժգոհ ենք, որովհետև մենք կարծում ենք, որ հակակոռուպցիոն պայքարը Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի շատ ավելի էֆեկտիվ: Հակակոռուպցիոն պայքարի հետ կապված, ցանկանում եմ մի այսպիսի նրբություն ընդգծել, որը կարևոր է Հայաստանում տեղի ունեցող երևույթները, իրականությունը գնահատելու համար:

Մենք ասում ենք, որ սովորաբար, հեղափոխություններից հետո գալիս է նոր իշխանություն և պայքարում է նախորդ իշխանության կոռուպցիայի դեմ: Բայց մենք ասում ենք, որ մեզ համար գոյություն չունի նախկին և ներկա կոռուպցիա, և մեզ համար նույնն է գործող պաշտոնյաների կոռուպցիան, ինչ նախկին պաշտոնյաների կոռուպցիան: Եվ 2018 թվականից ի վեր իմ կողմից նշանակված մի քանի փոխնախարարներ են ձերբակալվել, ընդամենը մեկ շաբաթ առաջ կոռուպցիոն մեղադրանքով ձերբակալվեց Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը, և այդ ձերբակալությունը երրորդ հանրապետության պատմության մեջ ամենաբարձրաստիճան գործող պաշտոնյայի ձերբակալությունն էր: Այսինքն, մեր երկրի պատմության մեջ երբեք նման ռանգի գործող պաշտոնյա չի ձերբակալվել: Զուգահեռ տեղի ունեցավ մաքսանենգության մի խոշոր դեպքի բացահայտում, որում ներգրավված էին Մաքսային կոմիտեի պաշտոնյաներ: Եվ սա ընդգծում եմ` ցույց տալու համար, որովհետև սա կարծում եմ կարևոր նրբություն է, որ մեզ համար կոռուպցիայի դեմ պայքարը չի եղել, չի և չի լինելու որևէ քաղաքական խնդիր լուծելու գործիք: Որովհետև ես հրապարակային էլ ասել եմ, որ գործող պաշտոնյաներն ավելի վտանգավոր են, քան նախկինում գործած պաշտոնյաները հենց այն հիմնավորմամբ, որ նրանք գործում են այսօր, մանավանդ Հայաստանում տեղի ունեցած հսկայական քաղաքական փոփոխություններից հետո և նրանց գործողություններն այդ առումով շատ ավելի վտանգավոր են:

Շարունակելով տնտեսական մեր հաջողությունների թվարկումը, ուզում եմ ընդգծել, որ 2018-2019 թվականներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներն ավելացել են ավելի քան 1 մլրդ դոլարով: Մենք 1 մլրդ դոլարով մեկուկես տարվա ընթացքում 2018-2019 թվականների արդյունքներով բարձրացրել ենք բյուջեի եկամուտները: Կամ մեկ այլ ուրախալի փաստ, որ մենք արդեն 2 տարի անընդմեջ տուրիզմի ոլորտում երկնիշ աճ ենք արձանագրում: 2018-ին զբոսաշրջության ոլորտն աճել էր 12 տոկոսով, 2019-ին` 15 տոկոսով: Եվ ես համոզված եմ, որ այս պրոցեսը կշարունակվի, մանավանդ, որ մեր կառավարության կողմից ձեռնարկած բարեփոխումների շնորհիվ Հայաստան են մուտք գործել բյուջետային ավիաընկերությունները, այնպիսին, ինչպիսին «Ryanair»-ը, որն ի դեպ շատ շուտով ուղիղ չվերթներ կսկսի Բեռլինից դեպի Երևան, Մեմինգեմից դեպի Գյումրի, որը Հայաստանի երկրորդ քաղաքն է: Համոզված եմ, որ Գերմանիայից զբոսաշրջիկների աճի տեմպը ոչ միայն կպահպանվի, այլև կավելանա:

Շատ կարևոր է արձանագրել այն գաղափարախոսությունը, որն այսօր ընկած է Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության հիմքում: Ընդհանրապես, հեղափոխությունը հիմնված էր շատ երկար տարիներ մեր կողմից բարձրաձայնվող մի կարգախոսի վրա: