Search
Close this search box.

Նալբանդյանն ընդգծել է ՀՀ-ԵՄ վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի կարևորությունը

Հայաստանը սերտ կապեր ունի Եվրոպական միության հետ և մտադիր է ընդլայնել համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում: Եվրոպայի հայկական չորրորդ համագումարի ընթացքում իր ելույթում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Եվրոպական միությունն արժեքավոր օժանդակություն է ցուցաբերում մեր երկրում իրականացվող բարեփոխումներին, աջակցում է Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին՝ ուղղված մարդու իրավունքների և օրենքի գերակայության շարունակական առաջմղմանը, ժողովրդավարական կառույցների ամրապնդմանը, դատական համակարգի և արդյունավետ կառավարման բարելավմանը: Կառանձնացնեի նաև մեր համագործակցությունն անցած ապրիլին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների համատեքստում»,- ասել է նախարարը:

Էդվարդ Նալբանդյանը հավելել է, որ Եվրամիության աջակցությունը ներառում է նաև Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտները՝ այդ թվում էներգետիկան, տրանսպորտը, գյուղատնտեսությունը և այլն: Դրանցից մի քանիսը տարածաշրջանային նշանակություն ունեն, ինչպես օրինակ հայ-վրացական սահմանային անցակետերի արդիականացումը և բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցումը: «Մենք ակտիվորեն համագործակցում ենք կրթության, նորարարության, գիտության և մշակույթի ոլորտներում, ներառյալ այնպիսի ծրագրերի միջոցով, ինչպիսիք են «Հորիզոն 2020», «Էրազմուս+» և այլք: Այս տարի մենք ավարտեցինք «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի և Ընդհանուր ավիացիոն տարածքի պայմանագրի շուրջ բանակցությունները Եվրոպական միության հետ»,- մանրամասնել է Նալբանդյանը:

ՀՀ ԱԳ նախարարը  հատուկ ընդգծել է, որ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վերջնականացվել է և նախաստորագրվել: Համաձայնագրի ստորագրումը կարող է դառնալ նոյեմբերին Բրյուսելում անցկացվելիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը:

Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի հարցերից նախարարն առանձնացրել է վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի կարևորությունը, որը ԵՄ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի հռչակագրում ամրագրված հանձնառություններից մեկն էր, և կարևոր նշանակություն ունի շարժունակության ընդլայնման ու մարդկանց միջև շփումների խորացման առումով: