Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը խոստացել էր թոռանս սպանության գործին ընթացք տալ, բայց բան չի արվել. ինչ է պատմում սպանված զինվորի պապը

2019թ. դեկտեմբերի 2-ին սպանված 21-ամյա Արթուր Աջամյանի պապը՝ Խաթիվ Աջամյանը, վստահեցնում է, որ չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր թոռան սպանության գործին ընթացք տալ, մինչև հիմա ոչ մի էական բան չի արվել․ «Ինքն էլ [ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավար] Անդրանիկ Քոչարյանի պես փափուկ բարձ է դնում գլխներիս տակ»։ Դեպքի օրը վիրավորում է ստացել զինծառայող Դավիթ Մելիքբեկյանը։ Արթուրի պապին մինչև հիմա չի հաջողվել հանդիպել նույն նրա ծնողներին։ Ասում են, որ Դավիթը կոմայի մեջ է, իսկ մայրը չի ցանկացել կապի դուրս գալ։

Գործի քննությունը դեռ ավարտված չի։ Խաթիվը բողոքում է իրավապահ մարմինների անգործությունից։ Քննիչն ասել է, որ զենքի վրա բացի Արթուրի մատնահետքերից կան ևս երեք անձանց մատնահետքեր, բայց չի նշել, թե ովքեր են այդ անձինք։ «Յոթ հոգի են եղել, յոթից մեկը վիրավոր է, մեկը մահացել է, հինգն էլ կենդանի են։ Արդյո՞ք էդ հինգ հոգին չգիտեն, թե ով ում վրա է կրակել», ֊ նշում է Խաթիվը։

«Նաև դատական բժիշկը եզրակացությունը տվել է երեք վարկածով՝ մոտիկ, հեռու, միջին», – ասում է Խաթիվը՝ հավելելով, որ իրենք «դիմել են դատախազին հստակ պատասխան իմանալու ակնկալիքով, թե այդ երեք վարկածից որ մեկն է ճիշտը․ ինչքան հեռավորության վրա, քանի սանտիմետր, քանի մետր, քանի միլիմետր։ Տարածությունը չեն ասում»։

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ վիրավորված Մելիքբեկյանը դեռևս չի հարցաքննվել, գործով մեղադրյալներ և կասկածյալներ չկան, նախաքննությունը շարունակվում է։

Epress.am-ի հարցին, թե արդյո՞ք Մելիքբեկյանը գիտակցության եկել է, ՔԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նորանշանակ պետ Արամ Ավետիսյանը պատասխանեց․ «Բժշկական բաները չեմ իմանում, փաստացի չի հարցաքննվել։ Մնացածը արդեն բժշկական բան ա՝ գիտակցության եկել ա, չի եկել»։

Պապը ասում է․ «Մեզ խոստացել են, որ էս գործը կբացահյտեն։ Եթե չէ՝ երկաթուղային գիծը փակելու ենք։ Համայնքը չի կանգնում, ես դեմները կանգնած՝ չեմ թողնում։ ․․․ Օրեր առաջ մի տղայի սպանել էին, նույն վարկածով ասում էին՝ ինքնասպանություն է։ Մարդիկ դուրս եկան։ Տոնոյանը խնդրում էր, ասում էր` չեմ աշխատի, եթե դիակը չտանեք։ Ես էլ ամեն ինչի ընդունակ եմ, դիակը կհանեմ, կտանեմ հրապարակի մեջտեղը կդնեմ»։

Ընտանիքը պնդում է, որ ոչ մի օգնություն չեն ստացել և չեն էլ ուզում, սակայն ուզում են հասկանալ պատճառը․ «Իմ երեխեն էլ հետ չի գա, բայց անողը թո՛ղ տուժվի, որ մեկ ուրիշ հանցանք չանի»։

Արթուրի պապը վստահ է, որ սա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին դեպքը կլինի, քանի որ բանակում «դիսցիպլինա չկա», «բանտից վատ է»։

Հիշեցնենք, որ 21-ամյա Արթուր Աջամյանը սպանվել է 2019թ. դեկտեմբերի 2-ին։ Պաշտոնական հաղորագրության համաձայն, ժամը 06:50-ի սահմանում, Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում նա մահացու հրազենային վիրավորում է ստացել, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:

Արթուրի հարազատները և եզդիական համայնքը երկու անգամ ցույց են արել Ազգային ժողովի և Կառավարության շենքերի դիմաց։ Առաջին անգամ Անդրանիկ Քոչարյանը, երկրորդ անգամ արդեն Նիկոլ Փաշինյանը խոստացել են գործին արագ ընթացք տալ, սակայն մինչ օրս գործը չի բացահայտվել։