Search
Close this search box.

Արծրուն Հովհաննիսյանը սահմանային իրավիճակի մասին

Տոնական օրերին սահմանային վիճակը հանգիստ է եղել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նախորդ տարվա նույն օրերի համեմատ բավականին նորմալ վիճակ էր:

Նա նշեց, որ միայն երեկ է միջադեպ եղել Տավուշի հատվածում. ադրբեջանական կողմը փորձել է ինժեներական աշխատանքներ իրականացնել առաջնագծում, ինչին ի պատասխան՝ հայկական կողմը նախազգուշացնող կրակ է բացել։

«Այլ միջադեպեր չեն եղել»,- ասաց ՊՆ խոսնակը: Հարցին՝ Տավուշում հակառակորդը առաջխաղացման փո՞րձ է ցանկացել իրականացնել, Հովհաննիսյանը պատասխանեց. «Ցանկացած դիրքային բարելավում ինչ-որ առումով առաջխաղացում է»:

Նշենք, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը երեկ հայտնել էր, որ Տավուշի մարզի Ղազախի շրջանի ուղղությամբ հայկական կողմի դիպուկահարի կրակոցից սպանվել է սահմանապահ զինծառայող Ֆարզալի Ֆարզալիեւը: