Search
Close this search box.

«Իմ բանավեճը Ձեր քաղաքական ծնողների հետ է, խորհուրդ կտամ ոտքի տակ չընկնել». Խաժակյանը պատասխանեց Փաշինյանի ելույթով

Երեւանի ավագանու նիստում այսօր՝ դեկտեմբերի 25-ին, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը շնորհավորեց Ավետ Պողոսյանին՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Նա Պողոսյանին հիշեցրեց նշանակվելուց հետո հարցազրույցներից մեկը, որի ընթացքում վարչական շրջանի ղեկավարն անդրադարձել էր «Լույս» խմբակցության անդամների ելույթներին՝ նշելով, թե դրանք պատիվ չեն բերում «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը: Նա մեջբերեց այդ հարցազրույցից մի հատված, որտեղ Ավետ Պողոսյանն ասում է. «Որոշ կուսակցություններ սովոր չեն ազատությանը, սովոր են երբ իրենց օգտագործում եւ ուղղորդում են: Այն տոնայնությունը, որով խոսում են «Լուսավոր Հայաստանի» անդամները, իրենց պատիվ չեն բերում: Մենք բոլոր լեզուներով խոսակցություններին պատրաստ ենք՝ Երեւանիժարգոնից սկսած քաղաքական վերլուծությամբ վերջացրած, ընդհուպ մինչեւ Լոռվա բարբառը: Եթե փորձեն ինչ-ինչ ուժերի դրդմամբ վնասել իշխանությունների՝ իրենց կարծիքով թույլ կետին՝ քաղաքապետարանին, թող բացատրեն՝ քաղաքական նպատակահարմարությունը որն է»,-Պողոսյանի խոսքը մեջբերեց Խաժակյանը, ապա ասաց, թե վարչական շրջանի ղեկավարին կարձագանքի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատգամավոր ժամանակ հնչեցրած մի ելույթով:

«Դուք եկել եք այստեղ, հանդուգն եւ լկտիության հետ սահմանակցող հայտարարություններ եք անում պատգամավորների հասցեին (տվյալ դեպքում՝ ավագանու անդամների), Դուք Ձեզ ի՞նչ եք թույլ տալիս: Բայց, անկեղծ ասած, ես Ձեզ հետ բանավեճ չունեմ, որովհետեւ Դուք չափազանց փոքր ֆիգուր եք՝ Ձեզ հետ բանավեճի մեջ մտնելու համար: Իմ բանավեճը Ձեր քաղաքական ծնողների հետ է, այնպես որ, Ձեզ խորհուրդ կտամ ընդհանրապես ոտքի տակ չընկնել»,-ասաց Խաժակյանն ու նշեց, թե ընդդիմադիր Փաշինյանի արտահայտած խոսքերին ավելացնելու ոչինչ չունի: