Search
Close this search box.

Խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել ԿԳՄՍ փոխնախարարն ու նրա վարորդը

ԱԱԾ-ն քիչ առաջ հայտարարություն տարածեց կոռուպցիոն հերթական գործի մասին, որի առանցքում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն է։

Հաղորդագրության մեջ ասվում է.

Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 2019թ. դեկտեմբերի 4-ին, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար:

Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ: