Search
Close this search box.

Ես բացառում եմ, որ կարող է որևէ ապօրինի գործընթաց տեղի ունեցած լինել. Իվետա Տոնոյանը՝ քաղաքապետի հայտարարության մասին

Հասցեական կամ բովանդակային որևէ հարց քննարկելու փոխարեն Երևանի քաղաքապետը նախապատվությունը տալիս է տարատեսակ թեմաների արծարծմանը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը. «Ես շատ ուրախ կլինեի, որ դուք քաղաքապետին անձամբ հարց ուղղելու հնարավորություն ունենայիք, այլ ոչ թե այդ գործառույթը թողներ իր մամուլի խոսնակի վրա: Բոլոր հայտարարությունների հերքման պատասխանատվությունը ստանձնում է նրա մամուլի խոսնակը»,- ասաց նա։

«Ինչ վերաբերում է քաղաքապետի հարցազրույցում հնչեցված մտքերին և դրանց իմաստազուրկ լինելուն, որևէ խնդրի բարձրաձայնման դեպքում պարոն Ծառուկյանն ունի դրա բոլոր հիմնավորումները, անհրաժեշտ փաստարկները»,- նշեց Տոնոյանը և հավելեց, որ Ծառուկյանը որևէ կերպ չի անդրադարձել «Մուլտի գրուպ» կոնցեռնի կողմից իրականացվող շինարարությանը։

Տոնոյանը նշեց, որ Մարությանը պարզապես կարևոր թեմաներից շեղելու քաղաքականություն է որդեգրել։ Նրա խոսքով՝ ինչ վերաբերում է Աբովյան փողոցում տեղի ունեցող շինարարությանը, Ծառուկյանն արդել ասել է, որ քաղաքապետ Հայկ Մարությանն անձամբ ստորագրել է այդ շինության նախագծման թույլտվությունը, այդ փաստաթուղթը, ըստ նրա, 99 տոկոսանոց շինթույլտվության համար է։

Իվետա Տոնոյանը նշեց, որ չնայած այդ ամենին՝ քաղաքապետը ասում է, որ այդ փաստաթղթից տեղյակ չէ, և այն ստորագրվել է նախկին քաղաքապետի օրոք։

Հարցին, թե արդյոք ճիշտ է քաղաքապետի այն պնդումը, որ Աբովյան փողոցում կառուցվող հյուրանոցի առաջին երկու հարկերը բարձրացվել են, պատգամավորը խնդրեց՝մանրամասների համար դիմել ճարտարապետներին։ «Նախագծման թույլտվություն տրվել է 11 հարկանի հյուրանոց կառուցելու համար։ Ես բացառում եմ, որ կարող է որևէ ապօրինի գործընթաց տեղի ունեցած լինել», -ասաց Տոնոյանը։