Search
Close this search box.

Վանդալիզմ Պռոշյան համայնքի զոհվածների պանթեոնում. դեպքի առթիվ քրեական գործ դեռ չի հարուցվել

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի զոհվածների պանթեոնի արգելապատնեշը և լապտերները կոտրելու դեպքի առթիվ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, պարզվում է վնասի չափը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։

«Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 11:05-ին Պռոշյանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարից ահազանգ է ստացվել Ոստիկանության Նաիրի բաժին, որ Պռոշյան համայնքի զոհվածների պանթեոնի երկաթե արգելապատնեշը և լույսերը վնասված են։ Մեկնած օպերատիվ խմբին համայնքապետը հաղորդում է ներկայացրել, որ նոյեմբերի 28-ի ժամը՝ 3:00-ից մինչև դեկտեմբերի 2-ը՝ ժամը 11:00-ն ընկած ժամանակահատվածում հանել են Պռոշյան գյուղի Զորաց պանթեոնի մուտքի հատվածի մետաղական ցցերը, վնասել՝ պանթեոնի ջահերը և ծռել սյուներից մեկը »,-ասաց Զարզանդ Գաբրիելյանը։

Դեպքին արձագանքել է ՀՅԴ-ն՝ կատարվածը որակելով վանդալիզմ։
«Այս գիշեր վանդալի, ներքին թշնամու թունավորված ու մթագնած ուղեղն ու ձեռքը չեն երերացել` պղծելու Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի Պանթեոնը: Սա այն Պանթեոնն է, ուր հանգչում են մեր հերոսները. մեր արժանապատիվ գոյության, մեր ազգային հավաքական իղձերի, մեր անվտանգության ու անխտիր բոլորի խաղաղ երկնքի համար, մեր արդար պայքարի համար նահատակված հերոսները՝ Պետոն, Հրաչը, Ազնաուրը…. Բայց, ավաղ, մեր սեփական հողում կան նաև այլ «արժեքներով» սնված ու առաջնորդվող ճիվաղներ, ժամանակին ախտորոշված՝ ազգային տականքը: Այդ տականքի ձեռքն հասավ Եռաբլուր՝ չխնայելով անգամ Ապրիլյան հերոսներին, հասավ Արագածի փեշեր՝ պղծելով ՀՅԴ Շուշիի գումարտակին և Լեոնիդ Ազգալդյանին նվիրված հուշատախտակները: Այս տեսակի ի հայտ գալը, որքան էլ ցավալի է, բայց պատահականություն չէ»,- հայտարարել է ՀՅԴ-ն՝ պահանջելով, որ ՀՀ իշխանությունները քաղաքական գնահատական տան կատարվածին, հանրապետությունում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին, իսկ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ:

Աղբյուր` Փաստինֆո