Search
Close this search box.

Իջևանում, խանութի դիմաց դիլիջանցին մեքենայից վերցրել է հրացանը, կրակել գետնին ու հեռացել

Դեկտեմբերի 1-ին ոստիկանության Իջեւանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ նոյեմբերի 30-ին, ժամը 18-ի սահմաններում, Իջեւանի Երեւանյան փողոցում բանջարեղենի խանութի դիմաց Տերյան փողոցի 28-ամյա մի բնակիչ կենցաղային հարցերի շուրջ վիճել է Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոցի 36-ամյա մի բնակչի հետ, որի ժամանակ դիլիջանցի տղամարդը իր «Մերսեդես» մակնիշի մեքենայից վերցրել է որսորդական հրացանը, կրակել գետնին ու հեռացել:

Ոստիկանությունից հայտնում են, որ բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, 36-ամյա տղամարդը կամավոր բաժին է ներկայացել եւ տվել խոստովանական բացատրություն, որ մեքենան կայանելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր անվամբ հաշվառված մեկփողանի ողորկափող որսորդական հրացանը, վախեցնելու նպատակով, պահել է ձեռքին եւ այդ ընթացքում պատահաբար մեկ անգամ կրակել է գետնին:

Հրացանը վերցվել եւ նշանակվել է փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: