Search
Close this search box.

Գագիկ Խաչատրյանի պաշտպանները դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հաղորդում են ներկայացրել

Առաջին ատյանի դատարանը, ըստ էության, թույլ է տվել, ակնհայտ և կոպիտ խախտումներ։ Այս մասին այսօր Վերաքննիչ դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ պաշտպաններն արդեն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հաղորդում են ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարին և Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովին։

Սարգսյանի խոսքով՝ խնդիրը հետևյալն է․ «Երբ անձին ներկայացնում են կալանավորման միջնորդություն, պարտադիր պետք է դատարանին ներկայացվեն նյութեր, որոնց հիման վրա դատարանը կարող է ողջամիտ ենթադրություն անել՝ արդյո՞ք այն մեղադրանքը, որ անձին ներկայացվում է, ինքը կապ ունի՞ այդ մեղադրանքների հետ։ Սա պարտադիր պայմանի նվազագույն շեմ է, որ դատարանը պետք է հաստատի, որ կարողանան անձին կալանավորել։ Խոսքը հիմնավոր կասկածի մասին է»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ դատարանի դատական ակտը ուսումնասիրելով և դատարանի տրամադրության տակ առկա նյութերը ուսումնասիրելով ակնհայտ է դառնում, որ դատարանն իր տրամադրության տակ ընդհանրապես չի ունեցել առաջադրված մեղադրանքի վերաբերյալ որևէ փաստական տվյալ։

«Պետք է անձերից վեր կանգնեն, դատարանը չի կարողացել անձերից վեր կանգնել»,-նշեց Երեմ Սարգսյանը՝ ընդգծելով, որ Գագիկ Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Պաշտպանը տեղեկացրեց նաև, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի որոշմամբ կալանք է դրվել Գագիկ Խաչատրյանի գույքի վրա։

Նշենք, որ Վերաքննիչը որոշումը կհրապարակի երկուշաբթի օրը` ժամը 09։30-ին։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019 թվականի օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։

Նույն օրը՝ խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։

Այս Բաժնից