Search
Close this search box.

Վթար Լենինգրադյան փողոցում. «Մերսեդեսը» վերածվել է մոխրակույտի

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 02:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Լենինգրադյան փողոցի թիվ 24 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ 28-ամյա Աիդա Հ.) եւ «Mercedes-Benz C180» (վարորդ՝ 32-ամյա Հայկ Ա.) մակնիշների ավտոմեքենաները. «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:47-ին, մարվել՝ 02:57-ին: Ամբողջությամբ այրվել է «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենան:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության մեքենային, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ տուժածը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները փակել են «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը եւ հոսանքազրկել «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան: