Search
Close this search box.

Շանտաժը հարիր չէ ուսադիրներ կրող սպայի պատվին. Արմեն Դանիելյան

Եվ այսպես… Շանտաժը հարիր չէ ուսադիրներ կրող սպայի պատվին և արժանապատվությանը, իսկ ԱԱԾ֊ի նախկին պետի պարագայում՝ առավել ևս
Իրականում հայաստանյան քաղաքականությունը, մեղմ ասած, ունի ստվերային կողմեր… հետևաբար քաղաքականության մեջ գտնվողները, ովքեր ունեն որոշակի ծրագրեր, ինչ֊որ ակնկալիքներ, փորձում են մինչև վերջին պահը “փակ խաղալ” կամ առնվազն “շուտ չբացվել”:
Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում Արթուր Վանեցյանը հայաստանյան քաղաքական հորիզոնում համարվում էր բավական լուրջ պոտենցիալով գործիչներից մեկը (չնայած քաղաքականությամբ երբեք չի զբաղվել), ընդհուպ մինչև վերջերս, չնայած իր գործած բազմաթիվ սխալներին և թույլ տված վրիպումներին (զորօրինակ՝ հայտնի գաղտնալսումը): Սակայն Արթուր Վանեցյանն իր իսկ հայտարարություններով և գրառումներով քարուքանդ արեց վերջին այն պատվարը, որի վրա կարող էր ամբարել քաղաքական գործընթացների քիչ թե շատ կենսունակ կապիտալ:
Այդ իմաստով, գեներալ Վանեցյանն իր հայտարարություններով իրականում ոչ այնքան քաղաքական հայտ ներկայացրեց, այլ պարզապես նախանշեց անհեռատես մի ուղի, որը կարող է կործանարար լինել հենց իր համար:
Արթուր Վանեցյանն ուներ անսահմանափակ հնարավորություններ դառնալու հանցավորության դեմ պայքարի առանցքը՝ ձևավորելով որոշակի մի դաշտ, որն ըստ էության կարող էր աննախադեպ լինել հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից:
Սակայն այդ պայքարի տեմպերը և սրությունը աստիճանաբար նվազեց, ավելին, երբեմն֊երբեմն մամուլում խոսակցություններ էին շրջանառվում, թե Վանեցյանը որոշակի շփումներ ունի հանցավոր շրջանակների և նախկին իշխանության որոշ ներկայացուցիչների հետ (Հայաստանը փոքր երկիր է) Եթե այս ամենն աղերս ունի ճշմարտության հետ, ապա այդ պաշտոնից Վանեցյանի հեռացումը միանգամայն արդարացված է և ուշացած։
Հ.Գ. Վանեցյանը ձախողեց այն, ինչի պատճառներն այնքան էլ հասկանալի չեն, իսկ այն, ինչ նա ներկայացնում է որպես պաշտոնանկության կամ հրաժարականի հիմնավորումներ, ավելի շատ մանկականություն են հիշեցնում և մեղմ ասած` համոզիչ չեն, եթե չասեմ, որ ուղղակի զավեշտալի են:
Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատասխանատվությունը երկրի և ժողովրդի առջև առանցքային է այն իմաստով, որ նա փաստացի չի փորձում փոխզիջման գնալ որոշ անընդունելի իրողությունների հետ, առավել ևս առկա խնդիրները չի ստորադասում առաջնայինի կամ երկրորդականի:
Իսկ Արթուր Վանեցյանի “ահասարսուռ” հակադարձումը՝ “պատկերացնու՞մ եք, եթե հանկարծ ես խոսեմ”, ոչ մի կերպ չի տեղավորվում գեներալի զինվորական կոչում ունեցող սպայի բարոյական կերպարի մեջ:
Անգամ չփորձես. հերոսից հակահերոս կես քայլ է…

Արմեն Դանիելյանի ֆեսբուքյան էջից