Search
Close this search box.

9․4 միլիոն դրամ՝ Ապրիլյան պատերազմի հերոսի բուժումը Գերմանիայում շարունակելու համար

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր Կառավարության համաձայնությանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է նախարարությանը հատկացնել 9․4 միլիոն դրամ՝ հատուկ առաջադրանք կատարելու ընթացքում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող Հայկ Սեխիլյանի բուժումը Գերմանիայում շարունակելու համար։ Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել 2016 թվականին՝ Թալիշում։

Նախարար Տոնոյանը շեշտեց, որ առկա է Առողջապահության նախարարության եզրակացությունն այն մասին, որ այս դեպքի բուժումը հնարավոր չէ իրականացնել Հայաստանում։

Հիշեցնենք, որ Հայկը վիրավորվել էր ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը «գրադի» ականի պայթյունից:

Ամիսներ առաջ բուժումն արտասահմանում շարունակելու՝ ապրիլյան պատերազմի մասնակցի դիմումը կառավարությունը մերժել էր։ Լրատվամիջոցներով այդ մասին բարձրաձայնելուց հետո Հայկի հետ կապ են հաստատել վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ խոստանալով, որ ինչ-որ ձևով կփորձեն նրան աջակցել։ Դրանից հետո նրա մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) հետազոտությունը կառավարությունն ուղարկել է գերմանական մի կլինիկա, որտեղ առաջիկայում Հայկը պետք է հետազոտվի։