Search
Close this search box.

Աննախադեպ զորավարժություն և զորակոչային գործընթացներ են տեղի ունենալու. Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարության հերթական նիստին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրեց զորահավաքային նախապատրաստության ու զորահավաքի գործընթացում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների համաձայնեցված գործունեության կազմակերպման նպատակով ուսումնավարժական հավաքներ և պարապմունքներ անցկացնելու մասին որոշման նախագիծը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք նման մասշտաբային միջոցառում նախկինում եղել է, թե սա աննախադեպ է, և նախարարը պատասխանեց, որ նման մասշտաբով չեն ունեցել, սակայն կարևորեց, որ ամեն ինչ տեղի է ունենում միջազգային պարտավորությունների շրջանակում:

«Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի հինգը քաղաքացիները կնկատեն, որ տեղի են ունենում պրոցեսներ, և որոշակի զորակոչային գործընթացներ են տեղի ունենալու, և հայրենակիցներին կոչ եմ անում ակտիվ մասնակցել, քանի որ սա կարևոր միջոցառում է, որի նպատակը մեր երկրի անվտանգության մակարդակը բարձրացնելն է: Սա պլանային աննախադեպ կարևոր միջոցառում է»,-ասաց վարչապետը:

Դավիթ Տոնոյանն ասաց, որ ուզում է խնդրել կառավարության անդամներին, որ հանրային աշխատողներին իրենց վերաբերող ոլորտներում կոչ անել և օրինակելի պահվածք ցուցաբերել: Վարչապետը կոչ արեց քաղաքացիներին ֆորմալ մոտեցում չցուցաբերել այս զորավարժությանը: «Չափից ավելի լրջացնել էլ պետք չէ, բայց պատշաճ վերաբերմունք պետք է լինի»,-ասաց նա:

Նախագիծը չդրվեց քվեարկության, քանի որ կային որոշ հարցեր, որոնք կառավարության անդամները ցանկանում էին դռնփակ ռեժիմով քննարկել: Վարչապետն ասաց, որ այն կդրվի քվեարկության փակ ռեժիմով: