Search
Close this search box.

Սասուն Միքայելյանի հարցը լուրջ է

Աբովյանի քաղաքապետի ընտրությունների արդյունքները գլոբալ քաղաքական տեսակետից Հայաստանի հաղթանակն էր, քանի որ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություն ունեցող քաղաքական ուժի հովանավորյալը հաղթանակ տարավ, ինչը բնորոշ չէր հին Հայաստանին, երբ իշխող ուժը գերխնդիր էր դնում տոտալ վերահսկողության տակ վերցնել բոլոր համայնքները, լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Ռեգիոնալ քաղաքականության առումով եւ մեր քաղաքական թիմի տեսակետից արձանագրեցինք դե յուրե պարտություն` բայց բացառապես պայմանավորված քաղաքացու քվեով, սակայն այդ պարտության մեջ ակնհայտ է արժանապատիվ քաղաքացու պարտությունը, որի մասին ես խոսել եմ»,–նշեց նա։

Նա նաեւ հայտնեց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը չի աջակցել իրենց թեկնածուին եւ չհերքեց, որ այդ հարցը եւս կքննարկվի վարչության նիստում։

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Աբովյանում տեղի ունեցած ընտրություններում նախնական տվյալներով հաղթել է գործող քաղաքապետ Վահանգ Գեւորգյանը։ Առաջադրված 5 թեկնածուներից Վահագն Գեւորգյանն ստացել է 8453 ձայն, իսկ նրա հիմնական մրցակից՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Գրիգոր Գուլյանը՝ 8058 քվե: Երրորդ տեղում Սասուն Գրիգորյանն է, ով ստացել է ընդամենը 731 ձայն: 4-րդ տեղում Մանուկ Մկրտչյանն է (435 ձայն) եւ 5-րդ տեղում՝ Արթուր Ղազարյանը (139 ձայն):