Search
Close this search box.

Ալումյանը պիտի փոխի իր անունը, դա պատիվ չի բերում մյուս Հայկերին. Հայկ Սարգսյան

«Հայկ Ալումյանը պիտի իր անունը փոխի, որովհետև այդ անունը կրելը պատիվ չի բերում «Հայկ» անունը կրող մյուս քաղաքացիներին»,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Անդրադառնալով ֆեյսբուքյան իր աղմկահարույց գրառմանը, որի վերաբերյալ նաև Հայկ Ալումյանը մամուլի ասուլիսում էր անդրադարձել, Հայկ Սարգսյանը նշեց, որ ինքը գրառում չի արել, այլ կիսվել է մեկ այլ գրառմամբ, ինպես նաև չի ջնջել, և այն շարունակում է մնալ իր ֆեյսբուքյան էջում: Լրագրողների հարցից կիսաբորբոքված պատգամավորը նկատեց.

«Նույն Հայկ Ալումյանը մեկ տարի առաջ նույն ձևով գրառումներ էր անում և հարվածում էր նախկին իշխանություններին ամենախիստ ձևով: Անգամ ես նման մեկնաբանություններ չէի անում: Հայկ Ալումյանը, Շիրխանյանի պաշտպանը լինելով հանդերձ, նույն ընթացքում, երբ Շիրխանյանը ցուցմունք էր տալիս Ռոբերտ Քոչարյանի դեմ, շատ կարճ ժամանակ հետո եկել և դարձել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը: Ես նրան ընդհանրապես մեկնաբանելու խնդիր չունեմ: Հայկ Ալումյանն այն մարդն է, ով հրազենով ինձ վրա հարձակված մարդու շահերն է պաշտպանում դատարանում»,-ասաց Հայկ Սարգսյանը:

Արձագանքելով լրագրողների նկատառմանը, թե Հայկ Ալումյանը փաստաբան է, Հայկ Սարգսյանը պատասխանեց հարցադրումով. «Ի՞նչ կապ ունի նրա փաստաբան լինելը, եթե շահերի բախման մասին եք մտածում»:

Հայկ Սարգսյանը նշեց` ինչպե՞ս կարող է մեկ փաստաբանը պաշտպանել երկու մարդկանց, ովքեր միմյանց դեմ ցուցմունք ենք տալիս: Ամփոփելով իր խոսքը, Հայկ Սարգսյանը նշեց, որ Հայկ Ալումյանը միայն մեկ ճիշտ բան կարող է անել` փոխել իր անունը: