Search
Close this search box.

2008թ․ մարտի 1-ից հետո Վանաձորում արգելվել են բոլոր հավաքները․ արտակարգ դրություն միայն Երևանում չի եղել. ՀՔԱՎ

Երեկ՝ 2019թ․ մայիսի 16-ին, Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության ընթացքում վերջինս հայտարարեց, որ 2008թ․ մարտի 1-ից 20 օրով արտակարգ դրություն է հայտարարվել միայն Երևան քաղաքում, որը ՀՀ տարածքի 2 տոկոսն է, և այդ պարագայում, Ռ․ Քոչարյանի պնդմամբ, չի կարելի հայտարարել, որ սահմանադրական նորմերը դադարել են գործել ՀՀ տարածքում, տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Ռ․ Քոչարյանի այս պնդումը իրականությանը չի համապատասխանում, քանի որ միայն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ 2008թ․ մարտի 1-ից հետո մինչև ապրիլը ներառյալ նախաձեռնած բոլոր հավաքներն արգելվել են Վանաձորի քաղաքապետի կողմից։

Մասնավորապես՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Վանաձորի այլ բնակիչներ Վանաձորում մարտին և ապրիլին հավաքներ անցկացնելու հարցով Վանաձորի քաղաքապետին են դիմել 2008թ․ մարտի 3-ին, 20-ին, 21-ին, ապրիլի 1-ին, 2-ին, 30-ին և բոլոր դեպքերում մերժում են ստացել։

Հավաքներն անցկացնելու արգելքի որոշման հիմքում Վանաձորի այդ ժամանակվա քաղաքապետ Սամվել Դաբինյանը դրել է ՀՀ ոստիկանության մարզային վարչության պետի և ՀՀ ԱԱԾ Լոռու մարզային վարչության պաշտոնական եզրակացությունները։

Իսկ 2008թ․ մարտի 4-ին հավաք անցկացնելն արգելելու իր որոշման  մեջ Ս․ Դարբինյանը, մասնավորապես, նշել է ․ «Հաշվի առնելով ՀՀ մայրաքաղաք Երևանում ս/թ մարտի 1-ին տեղի ունեցած ընդհարումները, որի արդյունքում  մարդկային կորուստ ունեցավ նաև Վանաձոր քաղաքի բնակչությունը և մտավախությունը, որ կազմակերպվող հանրահավաքը կարող է հանգեցնել անկանխատեսելի  և մարդկանց կյանքին ու առողջությանը վտանգ սպառնացող հետևանքներին, [….] որոշում եմ արգելել [….] հանրահավաքները»։