«Կալանքի հիմքերի բացակայության վերաբերյալ պաշտպանական կողմի դիրքորոշումը հետևյալն է՝ Ռոբերտ Քոչարյանը չունի մեղադրյալի պատշաճ կարգավիճակ, հետևաբար կալանքը չի կարող կիրառվել, երկրորդ՝ 300.1 հոդվածը չի կարող կիրառվել 2008-ին տեղի ունեցած արարքի նկատմամբ, երրորդ՝ 300.1-ով նախատեսված մի շարք արարքներ չեն կարող քննվել այստեղ, քանի որ կա նախագահական անձեռնմխելիություն»,- հայտարարեց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը՝ հավելելով, թե «մեղադրական կողմը կարող է վերցնել Թումանյանի պատմվածքների ժողովածուն և ասել՝ սա մեղադրական եզրակացություն է»:
Ըստ նրա՝ նախագահին տրված է իրավասություն՝ գործողություն իրականացնելու.
«Դատարանը պետք է անդրադառնա անձեռնմխելիության ինստիտուտին ու պարզի՝ արդյոք պարոն Քոչարյանը դուրս է եկել իր իրավասությունների շրջանակից, թե չէ, բայց մնալով այս փուլի գործողությունների շրջանակներում: Եթե չեք կարող պարզել, պետք է անձեռնմխելիության ինստիտուտը կիրառվի»,- շարունակեց փաստաբանը: