Search
Close this search box.

Գլխավոր դատախազությունը և ՀՔԾ-ն՝ Միհրան Պողոսյանի կալանավորման լուրերի մասին

Մամուլում տեղեկություն է շրջանառվում այն մասին, որ Մոսկվայում հայտնաբերվել և կալանավորվել է 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Միհրան Պողոսյանը։

Իրավաբան․net-ի հետ զրույցում գլխավոր դատախազության և հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայություններից հայտնում են, որ այս պահին նման տեղեկության չեն տիրապետում։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` Միհրան Պողոսյանը, 2008թ. հունիսի 11-ից զբաղեցնելով ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը, իր անձնական անվտանգությունն ապահովող անձին նշանակել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատուի, իսկ անձնական վարորդին` նույն բաժնի առաջատար խորհրդատուի պաշտոնին: Նրանք, որպես նշված բաժնի աշխատակիցներ, փաստացի աշխատանքի չեն հաճախել և համապատասխան պաշտոններից բխող պարտականություններ չեն իրականացրել, այլ կատարել են Միհրան Պողոսյանի անձնական բնույթի հանձնարարությունները, սակայն վերջինիս հանձնարարությամբ ստացել են աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ՝ ընդհանուր 44.199.463 ՀՀ դրամի չափով:

Արդյունքում` Միհրան Պողոսյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գումար` 44.199.463 ՀՀ դրամ:

Բացի այդ, Միհրան Պողոսյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական դրդումներով, օրենքով և կառավարության որոշումներով նախատեսված պահանջների խախտմամբ, ապրանքներ ձեռք բերելու և ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել վստահելի անձանց միջոցով իր կողմից կառավարվող, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ:

Այսպես, Միհրան Պողոսյանը 2011-2016թթ-ի ընթացքում իրեն վստահված պետական միջոցներով ԴԱՀԿ ծառայության կարիքների համար նախատեսված գնման գործընթացում իր կողմից 1997թ.-ին հիմնադրված, այնուհետև իբրև այլ կազմակերպությանը վաճառված, սակայն փաստացի իր կողմից կառավարվող` առևտրային գործունեություն իրականացնող «Քեթրին գրուպ» ՍՊ ընկերությունից ձեռք է բերել ընդհանուր 211.158.000 ՀՀ դրամ արժողությամբ 32 հատ «Բիդ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից 20 հատը՝ նույն ժամանակահատվածում իրական իրացման արժեքից շուրջ 20.000.000 ՀՀ դրամ ավելի բարձր գնով, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: