Search
Close this search box.

ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարին

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մարտի 1-ին ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Լին Թրեյսիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանը շնորհավորել է Լին Թրեյսիին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր հետևողական ջանքերով կարևոր ներդրում կունենա հայ-ամերիկյան բազմոլորտ հարաբերությունների հետագա զարգացման գործում։

Կողմերն անդրադարձ են կատարել հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող հարցերի լայն շրջանակի։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դեսպան Թրեյսիին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները և ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացը` այդ համատեքստում կարևորելով միջազգային գործընկերների հետ շարունակական համագործակցությունը:

Նախարար Մնացականյանը և դեսպան Թրեյսին մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի շուրջ։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ԱՄՆ նորանշանակ դեսպանին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը։