Search
Close this search box.

«Ես Մարտի 1-ի համար ինձ մեղավոր զգում եմ». Արամ Սարգսյան

Մարտի 1-ի զոհերի հիշատակին կազմակերպված երթից առաջ լրագրողների հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը խոստովանեց՝ առաջին անգամ է իշխանական երթի մասնակցում: Նա գնահատեց այսօրվա իշխանությունների կամքը՝ Մարտի 1-ը բացահայտելու համար, ինչը բացակայում էր նախորդ իշխանությունների ժամանակ:

Արամ Սարգսյանը նաև անդրադարձավ Ռուսաստանի վերաբերմունքին այս հարցի վերաբերյալ. «Հայաստանի ռազմավարական գործընկերոջ կողմից ճնշումներ են գործադրվում այսօրվա իշխանության վրա՝ Մարտի 1-ի բացահայտման գործընթացում ինչ-ինչ ուղղություններից հետ կանգնելու համար։

Բայց, ի պատիվ այսօրվա իշխանությունների, իրենք հետ չեն կանգնում»,- ասաց նա:

Թե ինչ դասեր պետք է քաղեն Մարտի 1-ի դեպքերից, Արամ Սարգսյանն ասաց. «Դա այն է, որ որևէ իշխանություն մարդկային կյանքի գին չարժի: Երկրի ներսում քաղաքական խնդիրները որևէ պարագայում չի կարելի զիջել ուժի դրսևորմամբ: Սեփական ժողովրդի վրա քաղաքական նկրտումներից ելնելով կրակել չի կարելի: Ես Մարտի 1-ի համար ինձ մեղավոր զգում եմ: Որովհետև կարող է այդ մարդիկ իմ ելույթները, կոչերը լսել էին ու եկել, ու հիմա իրենք իրենց ընտանիքների հետ չեն, այնինչ ես իմ ընտանիքի հետ եմ: Միակ սփոփանք այն է, որ ես դա միտումնավոր չեմ արել»: