Search
Close this search box.

ԵՊՀ ռեկտորը կշարունակի պաշտոնավարել․ օրակարգը չհաստատվեց

Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվեց  ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը օրակարգում դնելու կամ չդնելու հարցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մինչ օրակարգի հաստատումը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը նշեց, որ անհրաժեշտություն է առաջացել բարձրացնելու ԵՊՀ-ի գիտակրթական գործունեության արդյունավետությունը։

Նրա խոսքով` համալսարանում առկա են ուսանողների թվի բացասական դինամիկա,  ֆինանսական միջոցների կառավարման ցածր արդյունավետություն, ինովացիոն ոլորտում բացակայող քաղաքականություն, արտասահմանյան ուսանողների ներգրավման խնդիր և այլն։

Հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Վաղարշյանը առաջարկեց օրակարգը փոխարինել կամ լրացնել՝ Երևանի պետական համալսարանի շուրջ  ստեղծված իրավիճակի հարցի քննարկում:

Երկու օրակարգային հարցն էլ դրվեց քվեարկության, սակայն արդյունքում դրանք չհաստատվեցին, և նիստը հետաձգվեց:

Նիստի օրակարգը դրվեց քննարկման և չընդունվեց խորհրդի անդամների կողմից։ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է 32 անդամներից, որոնցից 16-ը առաջադրվում են կառավարության և կրթության ու գիտության նախարարության կողմից։ Օրակարգի հաստատմանը կողմ քվեարկեց հոգաբարձուների խորհրդի 14 անդամ։

Այնուհետև քվեարկության դրվեց օրակարգում փոփոխություններ անելու հարցը։ Քննարկվելու էր երկու հարց․ առաջինը՝ ԵՊՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, և երկրորդը՝ ռեկտորին անվստահություն հայտնելու հարցը։ Սակայն այս օրակարգը նույնպես չընդունվեց։

Օրակարգի բացակայության պատճառով հոգաբարձուների խորհրդի նիստը չեղարկվեց։

Այս Բաժնից