Search
Close this search box.

Կարեն Ղազարյանի դատավճիռը ամբողջովին համահունչ է Բաքվի որդեգրած ստի եւ կեղծիքի տրամաբանությանը. հայտարարություն

Կարեն Ղազարյան

ՀՀ գերիների, պատանդերի եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ, անդրադառնալով ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին Ադրբեջանում 20 տարով ազատազրկելու վճռին:

Հայտարարությունում ասվում է.

«ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը խստորեն դատապարտում է 2018թ. հունիսին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի` ադրբեջանական իշխանությունների կողմից որպես դիվերսանտ ներկայացնելու մերկապարանոց փորձերը եւ այդ պատճառաբանությամբ նրա նկատմամբ շինծու մեղադրանքով իրականացված քրեական հետապնդումը, որի արդյունքում Կարեն Ղազարյանը ս.թ. փետրվարի 27-ին ադրբեջանական դատարանի կողմից  դատապարտվեց 20 տարի ժամկետով ազատազրկման:

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ, զինվորական ծառայության հետ որեւէ առնչություն չունեցող, առողջական խնդիրներով պայմանավորված դեռեւս 2013 թվականից համապատասխան բուժհաստատությունում հաշվառման մեջ գտնվող Կարեն Ղազարյանին որպես հայկական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ ներկայացնելն ակնհայտորեն ուղղված է եղել նրան ազգային պատկանելության հիմքով քրեական հետապնդման ենթարկելու եւ արդյունքում տեւական ժամանակով ազատազրկման դատապարտելու նպատակով արհեստական հիմքերի ստեղծմանը:

Կարեն Ղազարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը Ադրբեջանում մարդու իրավունքների բիրտ ոտնահարման հերթական դրսեւորումն է, որն ամբողջովին համահունչ է այդ երկրի իշխանությունների որդեգրած աղաղակող ստի եւ կեղծիքի տրամաբանությանը։

Առանց ապացույցների կամ դրանց ակնհայտ կեղծմամբ Կարեն Ղազարյանի նկատմամբ իրականացված անհիմն քրեական հետապնդումը եւ հետագա դատապարտումը վկայում են վերջինիս՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի առանձին բաղադրիչների ակնհայտ խախտումների մասին: Ընդ որում, նման իրավիճակը վկայում է նաեւ Կարեն Ղազարյանի նկատմամբ՝ նրա ազգային պատկանելության հիման վրա իրականացվող անհիմն քրեական հետապնդման, հետեւաբար նաեւ՝ խտրականության արգելքի խախտման մասին:

Մարդու իրավունքների նման ակներեւ խախտումների փաստը լուրջ մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ  հանրությանը՝ ձեռնարկելու համար հնարավոր բոլոր միջոցները՝ Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանության համար:

Նախկինում Ադրբեջանում հայտնված ազգությամբ հայերի նկատմամբ դրսեւորված անմարդկային վերաբերմունքը եւ այդ անձանց հետագա ճակատագիրը ստիպում է էլ ավելի հետամուտ լինել Կարեն Ղազարյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, ինչպես նաեւ այլ միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունքների եւ վարվելակերպի տարրական պայմանների պահպանմանը: Այս առումով ակնկալվում է ինչպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի, Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային, տարածաշրջանային եւ ունիվերսալ այլ մարմինների, այնպես էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ակտիվ ներգրավվածությունը` Կարեն Ղազարյանի անվտանգությունը եւ իրավունքներն ապահովելու նպատակով: ԵԽ-ի եւ ՄԱԿ-ի անդամ հանդիսացող Ադրբեջանի՝ նման հայատյացությամբ եւ ռասիզմով համեմված վարքագիծը լկտի ցինիզմի դրսեւորում է իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունների եւ ողջ միջազգային հանրության հանդեպ, որը պետք է համահունչ արձագանքի արժանանա միջազգային հանրության կողմից:

Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդերի եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը մարդու իրավունքների պաշպանության բոլոր միջազգային միջկառավարական եւ ոչ կառավարական կառույցներին ու կազմակերպություններին կոչ է անում հաստատակամորեն հետամուտ լինել Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանությանը:

Միեւնույն ժամանակ, Հանձնաժողովն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ Կարեն Ղազարյանի նկատմամբ կայացված դատավճիռը սահմանափակում է Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքում պատահաբար հայտնված  քաղաքացիական անձանց եւ զինծառայողներին միմյանց արտահանձնելու քաղաքական հանձնառության տեսական հնարավորությունը:

Այս Բաժնից