Search
Close this search box.

Պաշտոնանկ են արվել Կոտայքի ոստիկանապետն ու Աբովյանի բաժնի պետը

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսպիյանի հրամանով ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Արամ Հովհաննիսյանը եւ Աբովյան քաղաքի ոստիկանության բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից՝ նշելով, որ պաշտոնից ազատված ոստիկաններն ուղարկվել են կադրերի ռեզերվ։

Ոստիկանությունից չմանրամասնեցին պաշտոնանկությունների պառճառը՝ նշելով, որ իրենց կառույցում մշտապես լինում են կադրային փոփոխություններ։ Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ պաշտոնանկությունները կապված են Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը զինված միջադեպի հետ։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը զինված միջադեպ է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված բախման։ Հնչած կրակոցների հետեւանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է ստացել Աբովյանի քաղաքի բնակիչ 30-ամյա Արտաշես Գեւորգյանը, իսկ 7 անձ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Շարունակությունը՝ news.am