Search
Close this search box.

«Հզորագույն համերգ, կիսադատարկ դահլիճ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Աննայի հետ գնացել էի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգին, նվիրված Կոմիտասի 150-ամյակին: Կոմիտասի 150-ամյակ, Ազգային ակադեմիական երգչախումբ, դիրիժոր՝ Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյան, հզորագույն համերգ: Եվ՝ կիսադատարկ դահլիճ: Սա մեր մշակութային կյանքի և քաղաքականության իրական երեսն է. ում հարցնես՝ կասեն, որ Կոմիտասը, Չեքիջյանը, Ակադեմիական երգչախումբը մեզ համար ազգային արժեքներ են: Բայց համակարգը կառուցված է այնպես, որ այդ ազգային արժեքի հետ հնարավորինս քիչ մարդ շփվի, քիչ մարդ հարաբերվի:

Որովհետև՝ չէ՞ որ դա բարձր ազգային արժեք է, «ամեն մարդու խելքի բան չէ», կերպարվեստի գլուխգործոցները պետք է պահվեն թանգարանների «պադվալներում» (պահարաններում պահվող ռոկոկո բաժակների նման), որովհետև դրանք արժեք են և ոչ թե ամենօրյա կիրառման և յուրացման բովանդակություն: Թանգարաններ պետք է հնարավորինս քիչ մարդ գնա, կամ ընդհանրապես չգնա: և այսպես շարունակ:

Հենց այս համակարգը վերացնելն է մեր մշակութային քաղաքականության նպատակը: Նոր Հայաստանում մարդը արվեստի, մշակույթի հետ պետք է իրական և մշտական հարաբերությունների մեջ լինի, ազգային արժեքները պետք է մոտ լինեն մարդուն՝ ծնողի, հարազատի, յուրայինի նման:

և այս ընկալումը պետք է սերմանվի դպրոցից: Հենց այս խնդիրը, կամ խնդիրների այս համախումբը պետք է լուծի կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը»: