Search
Close this search box.

«Մի՞թե երիտասարդ, նորընծա պատգամավորին թվացել է, թե ինքն, ոչ ավել, ոչ պակաս, ԱՄՆ պետքարտուղարն է». Հայկ Կոնջորյանի ելույթի ֆեյսբուքյան արձագանքը

Սարգիս Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այդ դատարկամիտ, քաղաքականապես տհաս ու երկրի համար վտանգավո՛ր ելույթից հետո հարկ է, որ ՔՊ-ի քաղաքական վերնախավը շատ ադեկվատ արձագանքի Հայկ Կոնջորյանի «դեմարշին» (իսկ դա Իրանի դեմ դեմարշի պես մի բան էր):
Պետք է Հայկ Կոնջորյանը վայր դնի պատգամավորական մանդատը, կարծում եմ: Դա պետք է պահանջի նրանից հե՛նց ՔՊ-ի ղեկավարությունը: Եվ պետք է ներողություն խնդրել Իրանից նոր ԱԺ-ի հենց առաջին օրը նման անհեթեթության համար: Որ Իրանում չմտածեն, թե ՀՀ նոր իշխանությունները սկսում են հակաիրանական գիծ, և հենց առաջին-երկրորդ նիստում այդպիսի դեմարշը լոկ ցուցադրական սկիզբ է…
… Հենց այսօր արդեն, Իրանի գենշտաբի պետը, որն այժմ գտնվում է Բաքվում, հայտարարել է, որ «…Ղարաբաղը ադրբեջանական տարածք է, և Իրանը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը…», և այլն: Սա՝ ի դեպ: Երևի սա արագ արձագանք է ՀՀ ԱԺ-ում Իրանի հասցեին հնչած ցինիկ արտահայտության:
… Եվ ընդհանրապես, ՀՀ պատգամավորի ի՞նչ գործն է, թե ՀՀ բարեկամ երկրներից ով է «ավտորիտար», ով է «ժողովրդավար»…? Ի՞նչ ինքնավստահություն, քաղաքական բոբիկություն և անհեռատեսություն է պետք՝ ԱԺ-ից այդպիսի մեղադրանք հնչեցնելու համար…
Մի՞թե երիտասարդ, նորընծա պատգամավորին թվացել է, թե ինքն, ոչ ավել, ոչ պակաս, ԱՄՆ պետքարտուղարն է, որ աջուձախ «ավտորիտարիզմի մեղադրանքներ» է հնչեցնում… Իսկ հնարավո՞ր է, որ վաղն էլ հայտարարություն հնչի ԱԺ-ից, թե, ասենք, ՌԴ-ն դիկտատորական երկիր է, իսկ ԱՄՆ-ն դեռ չի մաքրվել Գունտանամոյի կեղտից… Ի՞նչ երաշխիք, որ չեն հնչի այդպիսի հայտարարություններ և լուրջ փորձության չեն բերի հայկական արտաքին քաղաքականությունը, եթե այս մի հայտարարությունը մնա անպատասխան: Նկատի ունեմ՝ անպատասխան ՀՀ քաղաքական ղեկավարության կողմից. Իրանի կողմից անպատասխան չեն մնա հաստատ: Պարսիկները քաղաքականության հազարամյա ավանդույթներ ունեն և լավ գիտեն՝ ինչին ինչպես և երբ արձագանքել: Հիմնականում՝ դիվանագիտության արևելյան դպրոցին բնորոշ խորամանկությամբ:
Եվ վերջում, ի գիտություն. Իրանն իսլամական պետություն է, որը ենթադրում է պետական ու հասարակական կյանքի կազմակերպման ուրույն, մեր դեպուտատներից շատերի պատկարեցրածից տարբերվող, ձևեր: Դա մեխանիկորեն չի նշանակում, թե Իրանն ավտորիտար է: Ավտորիտարը մի քիչ այլ բան է…

Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում  գրում է.

Հայաստան պետության շահերից ելնելով պահանջում եմ չհեռարձակել ԱԺ նիստերը, նաև արգելել լրագրողների մուտքը ԱԺ:

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մենք շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, ավտորիտար բնույթի Իրանով, ավտորիտար Ադրբեջանով…»

Կարծում եմ Հայաստանի խորհրդարանում Իրանի մասին համանման դատողություններ անելը չափազանց վտանգավոր է ինչպես Հայաստանի Հանրապետության համար, այնպես էլ Հայ-իրանական բարիդրացիական փոխհարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից։ Հատկապես, որ այսպիսի հռետորաբանությամբ է հանդես գալիս կառավարող ուժի խմբակցության ներկայացուցիչը։

***

Իրանի հետ պետք է չափազանց զգույշ լինել, քանի որ նա աշխարհին նայում է Աքեմենյան աշխարհակալությամբ, Պարթևական զսպվածությամբ, Սասանյան հանդգնությամբ, շիական ճկունությամբ, իմամ Հուսեյնի ինքնազոհությամբ և 12-րդ իմամի խորհրդավորությամբ,այսինքն՝ հազարամյակների չընդհատվող պետականության իմաստնությամբ:

Կարմեն Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հասկըցանք`
-Իրանը ավտորիատար ա, Իլհամիկը` կիրթ…
-Բա շուտ կասեիք…

Հարություն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հույս ունենանք, որ Իրանում լուրջ չեն համարի Կոնջորյանի հայտարարությունը։

Հատուկ Կոնջորյանի համար.

Դու արդեն իշխանություն ես ու պետք է.

1. Գիտակցես կարևորությունդ և մտածես միտք հայտնելուց առաջ
2. հասկանաս, որ դու թիրախավորված ես
3. Լրջանաս
4. Չվնասես քո թիմին և քո պետությանը
5. Մի անգամ էլ լրջանաս

Զոհրաբ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Իրանը Հայաստանի բարեկամ երկիրն է, այստեղ իշխանության են մարդիկ, ովքեր ջանք չեն խնայում, որպեսզի պահպանվի հայկական նյութական և ոչ նյութական ժառանգությունը, հայկական բազմահազարանոց համայնքը այստեղ չունի ոչ մի խնդիր։
Իրանի մասին պետք է խոսեն մասնագետներ, Իրանի մասին պետք է խոսել խիստ հավասարակշռված, առհասարակ` պետք է մտածել ամեն անգամ,երբ խոսում ես որպես իշխանության ներկայացուցիչ։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկմանը «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը՝ խոսելով ՀՀ արտաքին քաղաքականության մասին, մասնավորապես ասել է. «Տեսեք, եթե դիտարկենք մեր աշխարհաքաղաքական դիրքավորումը, դա ևս կարող է շատ լավ աշխատել, մենք շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, ավտորիտար բնույթի Իրանով, ավտորիտար Ադրբեջանով, միայն մեր անմիջական հարևաններից Վրաստանն է, որ ժողովրդավարական ճանապարհով է գնում, և այդ շուրջ 170-միլիոնանոց երկրներով շրջապատված Հայաստանը կարող է իր առաջանցիկ զարգացումը դարձնել ժողովրդավարությունը, միջազգային հանրության կողմից ընկալվել որպես տարածաշրջանի առաջատար ժողովրդավար երկիր»: