Search
Close this search box.

Փաշինյանը Բակո Սահակյանին. «Սթափվեք, հարգելիներս, և զբաղվեք ձեր աշխատանքով»

Այսօր՝ նոյեմբերի 29-ին¸ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ճամբարակում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավին անդրադարձավ Արցախի իշխանության ներկայացուցիչների արձագանքին նախընտրական քարոզարշավին հնչած ելույթներին:

«Հա, ի դեպ, ես չհասկացա Արցախի¸ Ղարաբաղի իշխանության ներկայացուցիչներն էլ էին արձագանքել իմ այդ ասածին: Ես, ընդհանրապես, վերջին օրերին լավ չեմ հասկանում ԼՂՀ իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը¸ բացարձակապես չեմ հասկանում այդ ինչու՞ են ակտիվացել, ինչու են տարբեր մեկնաբանություններ անում և ինչու՞ են փորձում որևէ ձևով խառնվել և իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում: Ես ասեմ¸ որ շատ հարցեր ունեմ դրա կապակցությամբ, և այդ հարցերը կքննարկեմ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ, իսկ մինչ այդ պարոն Սահակյանին հորդորում եմ¸ որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին և իրենց ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու: Առիթ-անառիթ իրենց մեկնաբանություններով, թող… չհասկացա, ուրեմն Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակն օրումեջ իմ ասածի մեկնաբանություն է տալիս, այ քեզ բան: Բա, պատկերացնում եք իմ մամուլի խոսնակը Ղարաբաղի հայտնի ու անհայտ իրադարձությունների վերաբերյալ մեկնաբանություններ տա: Դուք հասկանում եք դրա արդյունքն ու հետևանքն ինչ կլինի: Սթափվեք, հարգելիներս, և զբաղվեք ձեր աշխատանքով: Իհարկե, այն ինչ տեղի է ունեցել ձեր հետ անպայման կքննարկեմ, բայց ընտրություններից հետո: Զբաղվեք ձեր գործով»¸ – ասաց նա: