Հայաստանի Հանրապետական կուսակցությունը բացահայտել է իր նախընտրական կարգախոսը։
Այն է` «Եթե մտահոգ ես… ընտրի՛ր Հանրապետականին»։
ՀՀ նախկին գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը հարցն ուղղում է ՀՀԿ պաշտոնյաններին, ովքեր միլիոնավոր մարդկանց հիմարի տեղ դրեցին և թուրքի պես ավերեցին այս չքնաղ երկիրը:
Եթե մտահոգ ես…
Իսկ արդյոք կգտնվի մոլորակի վրա գեթ մի հայ՝ ով մտահոգ չէ Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագրով… Ցավոք, այո՛, կգտնվեն այդպիսիք…
Հեշտ է ասել, եթե մտահոգ ես:
Իհարկե մտահոգ եմ:
Իսկ արդյոք մտահոգ չէին այն պաշտոնյաները՝ ովքեր կողոպտել ու թալանել են այս չքնաղ երկիրն ու աշխատասեր ժողովրդին:
Ես ուզում եմ այս հարցն ուղղեք ինքներդ ձեզ:
Իսկ առհասարակ դուք մտահոգ եք: Իսկ երբ պարզեք, որ իրոք մտահոգ եք կամ եղել եք այդպիսին, ապա պետք է հիշեք, որ ձախողվել եք:
Կրթության ոլորտում. մասսայական անգրագիտություն և կրթական կոռումպացված համակարգ:
Սոցիալական ոլորտում. մասսայական աղքատություն, չքավորություն, գործազրկություն և սոսկալի ցածր աշխատավարձ:
Արդարադատության ոլորտում. մասսայական անարդարություններ, օրենքի հետ կապ չունեցող բազմաթիվ ապօրինի դատական ակտեր, քաղաքական պատվերների մի ողջ անարդարությունների բուրգ:
Իրավապահ ոլորտում. քաղաքական ընդդիմադիրներին պատժելու, ՛՛դասատիարակելու՛՛, անհրաժեշտության դեպքում ՛՛ոչնչացնելու՛՛ գիշատիչների մի մեծ ոհմակ:
Առողջապահության ոլորտում. անորակ բժշկություն և համատարած դրամաշորթություն, առանց սահմանված նմուշի կեղծ դեղորայքի ապօրինի շրջանառություն, մասսայական անտարբերություն մարդկանց առողջության նկատմամբ,
Քաղաքաշինության ոլորտում. Երևանի մասով միայն ասեմ՝ քաղաքը դարձրել եք գեղի կլուբ՝ քանդելով պատմական և մշակութային արժեք ներկայացնող շենքներն ու շինությունները:
Բնապահպանական ոլորտում. ընդերքի անխնա շահագործում, ապօրինի հանքերի առկայություն, մասսայական ծառահատումներ, ստորգետնյա ջրերի աննպատակ օգտագործում, մի խոսքով բնության ոչնչացում՝ բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով,
Բանկային ոլորտում. վարկային այնպիսի համակարգ, որը մարդկանց անխուսափելիորեն զրկել է տնից և ունեցվածքից,
Հարկային և մաքսային ոլորտ. մասսայական կողոպուտ սահմանի վրա և աննկարագրելի բարձր ու չհիմնավորված հարկային կաշառքների մի ողջ գերկոռումպացված համակարգ,
Ցավալի է, բայց դուք անամոթաբար ձախղվեցիք նաև պաշտպանության ոլորտում. այս բնագավառում ևս ամոթը ամաչում է ձեր փոխարեն: մասսայական թալան, անգրագետ գեներալիտետի առկայություն, խաղաղ պայմաններում հարյուրաավոր զինծառայողների սպանություններ, անորակ սնունդ, կեղծված տենդերներ, հազարավոր այլ չարաշահումներ և այլն: Իսկ վերջում ձախողեցիք Ապրիլյան պատերազմը՝ հարյուր հերոս զինվորներին նահատակելով և ութ հարյուր հեկտար ազատագրված և ՛՛անպետք՛՛ տարածք զիջելով: Վստահ եմ, որ այդ ՛՛անպետք՛՛ տարածքն ավելի է, քան ձեր ասած ութ հարյուր հեկտարը:
Հիմա հարց եք տալիս՝ մտահոգ ես… բա որ մտահոգ չլինեինք, հիմա ձեր ավերած երկրից առանց հետ նայելու փախել էինք անվերադարձ:
Այդ հարցը ձեզ տվեք, եթե մտահոգ էիք՝ ինչու՞ էիք միլիոնավոր մարդկանց հիմարի տեղ դրել և թուրքի պես ավերում այս չքնաղ երկիրը: