Search
Close this search box.

Որ դեպքում հրաժարական կտա Աշտարակի ՀՀԿ-ական քաղաքապետը

Օրեր առաջ Աշտարակի համայնքապետ ՀՀԿ-ական Թովմաս Շահվերդյանի աշխատասենյակում տեղի է ունեցել ավագանու հերթական նիստը, որի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել, որի մասին հայտարարություն էր տարածել Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։

Նիստին սկզբում ներկա է եղել ավագանու 15 անդամից 8-ը: Օրակարգի 4-րդ հարցի քննարկման ընթացքում, այն է՝ համաձայնություն տալ Աշտարակի թիվ 2 «Արևիկ» մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում Բելա Սաֆարյանին նշանակելու համայնքի ղեկավարի առաջարկությանը, ավագանու անդամ Աշոտ Հունանյանը լքել է նիստը, բացակայել 4-րդ, 5-րդ և 6-րդ հարցերի քննարկման և քվեարկությունների ընթացքում, ապա վերադարձել է քվեարկությունից հետո: Նրա դուրս գալուց հետո քվորում չի ապահովվել, ինչի մասին Շահվերդյանին տեղեկացրել է նիստում ներկա գտնվող Աշտարակի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի համակարգող, Աշտարակի բնակիչ Նվարդ Բոցինյանը: Համայնքապետը չի արձագանքել այդ հայտարարությանը։

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի՝ Աշտարակի քաղաքացիական-երիտասարդական կենտրոնի համակարգողը կրկին հիշեցրել է, որ երեք որոշումների նախագծերը քննարկվել և ընդունվել են քվորումի բացակայության պայմաններում։ Ըստ ներկաների՝ քաղաքապետը դիմելով Նվարդ Բոցինյանին, ասել է․«Մենք բոլորս համախմբվել ենք, որպեսզի Աշտարակը դարձնենք լավ քաղաք: Ես քեզ էլ եմ ասում, աղջի, չփորձվեք համայնքապետարանի անվան հետ խաղալ»։

Հանրապետական քաղաքապետն այս ելույթի ժամանակ նյարդայնացած մի քանի անգամ բռունցքով սեղանին է խփել, վիճաբանության ընթացքում համայնքապետը դուրս է հրավիրել Նվարդ Բոցինյանին և Լիանա Հակոբյանին, վերջում համայնքապետարանի Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Շանթ Վահանյանը հրահանգել է «դուրս քշել սրանց»: Այս առնչությամբ Աշտարակի քաղաքացիական-երիտասարդական կենտրոնը դիմել է ոստիկանությանը, ապա կոչ արել քաղաքապետին ներողություն խնդրել։

Ինքը՝ Շահվերդյանը մեզ հետ զրույցում հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ։ Նա խոստացավ տարվա վերջ հարցազրույց տալ, բայց պարզից էլ պարզ է, որ դա ընդամենն այդ պահին հարցերից խուսափելու միջոց է։ Հարցին՝ եթե բարձրացնեն իր հրաժարականի հարցը, ինքը պատրաստ է հրաժարական տալ, Շահվերդյանը, որին քաղաքում հաճախ անվանում են պարոն Թոմ, ասաց՝ եթե աշտարակցիների 20 տոկոսն էլ պահանջի իր հրաժարականը, ինքը մեծ սիրով հրաժարական կտա։ Շահվերդյանը վստահորեն հայտարարեց, որ քաղաքում իր մասին գեթ մեկը չի կարող վատ բան խոսել, դժգոհ լինել իր աշխատանքից, և որ ավագանու նիստի ժամանակ ամեն ինչ եղել է օրենքի սահմանում։