Search
Close this search box.

«Դատապարտյալների մայրերը, քույրերը եւ կանայք սպասում են Ձեր արձագանքին». Բաց նամակ Աննա Հակոբյանին և Նունե Սարգսյանին

ArmLife.am-ի միջոցով Ռուբինա Խաչատրյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանին, ՀՀ նախագահ Արմեն Խաչատրյանի տիկին Նունես Սարգսյանին: Այն ներկայացնում ենք ստորև. 

Հարգելի տիկին Աննա Հակոբյան,

Հարգելի տիկին Նունե Սարգսյան

Տեսնելով մտերիմներիս անհանգստությունը, հոգեկան ապրումները՝ որոշեցի դիմել Ձեզ։ Չէ որ նաեւ կանայք են պատմության շարժիչ ուժը եւ բազմաթիվ են այն դեպքերը, երբ պետության ղեկավարների կանանց միջնորդությամբ կյանքեր են փրկվել, ճակատագրեր են փոխվել։ Սիրո եւ թավշյա հեղափոխությունից հետո անչափ ուրախություն եւ հուզմունք ապրեցին դատապարտյալների հարազատները։ Ընկերուհուս ամուսինը ցմահ դատապարտյալ է։ Բայց նա ոչ մեկի կյանք չի խլել, պարզապես պետք էր ռեժիմին՝ որոշեցին մահապատիժ, հետո ցմահ բանտարկություն։ 15 տարի է՝ մարդիկ պայքարում են, բայց նախկին իշխանությունները ոչինչ չարին։ Ու երբ վարչապետ ընտրվեց ժողովրդի թեկնածուն, ընկերուհուս առաջին բառը՝ վերջապեո տուն կգա ամուսինս։ Բայց մինչեւ այսօր ժողովրդի իշխանությունը ոչինչ չի արել թե ցմահ դատապարտյալների, թե այլ դատապարտյալների համար։ Սոցցանցերը, լրատվամիջոցները ողողված են ցմահների գործերը վերանայելու խնդրանք-առաջարկներով, ներման խնդրագրերով, համաներում հայտարարելու կոչերով։ Ինչու չեն իշխանությունները քայլ անում՝ ուրախացնելու անազատության մեջ գտնվողներին ու նրանց հարազատներին։ Մի թողեք՝ որ հեղափոխության պտուղները չճաշակած՝ մի մեծ բանակ դառնություն ապրի։

Տիկին Աննա. Դուք անձամբ եք զգացել բանտարկյալ ունենալու ապրումները, գիտեք ինչ տվայտանքներ, սպասումներ ու հույսեր են ունենում դատապարտվածները։ Ուստի դիմելով Ձեզ՝ խնդրում եմ աջակցեք, որ չմարի դատապարտյալների հույսը։ Այնպես արեք, որ թունելի վերջում նշմարվող լույսը ողողվի արեւի ճառագայթներով։

Մեծարգո Նունե Սարգսյան եւ հարգարժան Աննա Հակոբյան. որպես կին, մայր ու քույր եմ դիմում Ձեզ. հորդորեք Ձեր ամուսիններին համաներում ձեռնարկեն, ներում շնորհեն խնդրագիր ներկայացրած ցմահ եւ ոչ ցմահ դատապարտյալներին, ովքեր արժանի են, վերանայեն այն ցմահների գործերը, ովքեր արժանի են 20-25 տարվա անազատությունից հետո լինեն իրենց ընտանիքներում, հպարտանալ իրենց զավակներով, բերկրանք ապրել թոռնիկների զանազան հարցերից ու երբեմն չհնչող պատասխաններից։ Կարծում եմ ներողամիտ կգտնվենք իմ համարձակ այս քայլի համար, բայց մտածեցի՝ կինը կնոջը լավ ու ճիշտ կհասկանա եւ դիմեցի բաց նամակով։ Հույս ունեմ, որ բազմահազար կանայք համաձայն կլինեին ինձ հետ եւ կստորագրեին այս բաց նամակը։

Մեծարգո տիկնայք. ես ու դատապարտյալների մայրերը, քույրերը եւ կանայք սպասում են Ձեր արձագանքին։ Ապացուցեք, որ կանգնելով Ձեր սիրելի ամուսինների կողքին՝ կին էլ կարող է իրավիճակ փոխել։ Թող սիրո ու հումանիստական հպարտ իրավիճակ տիրի նորօրյա Հայաստանում։

Սիրով ու անկեղծ հարգանքներով Ռուբինա Խաչատրյան