Search
Close this search box.

Առողջության գինը. Ճար կա, ճար անող չկա (ֆոտոշարք)

Ստեղծել առողջապահական ապահովագրության ազգային պետական գործակալություն, որը չի ժխտի մասնավոր ապահովագրական ընկերությունների գոյությունը. Առողջապահության ոլորտի մասնագետները քննարկել են ոլորտային հարցեր

Հայաստանի առողջապահական բյուջեն այսօր չի գերազանցում 90 միլիարդ դրամը, այսինքն յուրաքանչյուր քաղաքացու բաժին է հասնում տարեկան շուրջ 20 հազար դրամ: Այս տարի առողջապահական բյուջեն կավելացվի եւս 11 միլիարդ դրամով: Այս  դեպքում էլ տրամադրվող գումարը չափազանց քիչ է, բնակչությանը անգամ ամենաանհրաժեշտ բուժօգնությունը տրամադրելու համար ՝ փաստում են բարեփոխումների հանրային աջակցության  նախաձեռնությամբ կազմակերպած քննարկմանը մասնակից առողջապահության  ոլորտի  մասնագետները: Համեմատության համար նշենք, որ Բելգիայում, օրինակ, մեկ անձի բուժման համար նախատեսված  է տարեկան 1000 եվրո: Պատկերը համարյա նույնն է նաեւ մյուս առաջադեմ երկրներում:

Հայաստանում բնակչությունը վճարունակ չէ, պետությունը չի կարող ապահովել անվճար բուժօգնություն, իսկ բուժծառայությունների գինը  բժշկական տեխնոլոգիաների  զարգացմանը զուգահեռ տարեցտարի թանկանում է: Հիվանդությունը, սակայն, ֆինանս ու ու գումար չի հարցնում: Հիվանդանոցներում  հերթերն ավելանում են եւ բժիշկները   հաճախ հայտնվում են անելանելի դրության մեջ: Բուժումը պետք է անհապաղ  սկսել, մեթոդն ու լուծումն էլ ունեն, բացակայում է, սակայն, ամենակարեւորը՝ գումարը: Խնդիրն ավելի է սրվում թանկարժեք տեխնոլոգիաներ պահանջվող ոլորտներում: Կոնքազդրային իմպլանտն, օրինակ, ավելի քան 2000 եվրո արժե, սրտի ստենտավորումն էլ  Եվրոպական կլինիկաներում 15-20 հազար եվրոյով են անում , քանի որ բարձրորակ ստենտը ինքնին թանկ արժե: Հայաստանում ստենտավորման համար պետության կողմից վճարվող գումարը կրկնակի նվազել է: Տրամադրվող գումարը հազիվ հերիքում է բարձրորակ ստենտ ձեռք բերելու համար: Վիրահատության եւ դեղորայքի վճարը մնում է օդում: Բժիշկները, այս դեպքում լուծման երեք եղանակ ունեն՝ օգտագործել անորակ եւ էժան սարքավորումներ, աշխատել հարկային դաշտից դուրս կամ էլ չվճարել բժշկին:

«Սրտի վիրահատության բնագավառը թանկարժեք ոլորտ է եւ խնդիրներն ավելի շատ են լինում: Վիրահատությունների համար մեծ  գումարներ են պահանջվում եւ պետությունը ավելի խնայողաբար է  մոտենում: Իսկ եթե հիվանդն անձամբ է վճարում ավելի դժվար է լինում:  Անհապաղ վիրահատություն  է պետք, բայց պացիենտը գումար չունի, ժամանակ է պետք գտնելու համար: Բժիշկը հայտնվում է փակուղում: Իսկ եթե հանկարծ, Աստված չանի,  վիրահատությունը լավ ելք չի ունենում, հիվանդի հարազատները անգամ դատարան են դիմում եւ հետ պահանջում վճարված գումարը: Սա այն դեպքում, երբ վիրահատությունը արված է, ստենտը տեղադրված, բժիշկն ի՞նչ կարող է անել »,- ընդգծում է Քանկոր ԲԿ սրտի վիրաբուժության  ծառայության ղեկավար Ավետիս Ահարոնյանն ու ավելացնում, եթե համակարգը 27 տարում տարբեր մեթոդներով բուժել հնարավոր չի եղել, գուցե պետք է դիմել վիրահատության՝ քանդել համակարգն ու նորը կառուցել….

Վիրահատական մեթոդի կիրառելու առաջարկը ակումբում հավաքված  ոչ բոլոր բժիշկներին է դուր գալիս: Քանդելու ժամանակ ու նաեւ վստահություն, որ ավելի լավը կկարողանանք կառուցել՝ չունենք: Ֆունդամենտալ փոփոխությունները, սակայն, անհրաժեշտ են: Առաջին հերթին պետք է ներդրվի ապահովագրական ծառայություն, ավելի ճիշտ  կլինի, եթե այն լինի պետական եւ պարտադիր, քանի որ հակառակ դեպքում ապահովագրությունը ուղղակի չի գործի, կարծում են նրանք:

«Սոցփաթեթը այսօր մսխվում է: Ապահովագրությունը պետք է լինի պարտադիր եւ համընդհանուր: Ցանկացած ապահովագրության  կամավորի  ժամանակ երկու կողմից բացառումներ են լինում: Աղքատը բացառում է, քանի որ ի վիճակի չի լինում վճարել, իսկ հարուստները բացառում են, որովհետեւ իրենք գումար ունեն ցանկացած դեպքի համար, հիվանդանալու ռիսկը քիչ է եւ ապահովագրությունը նրանց պետք չէ: Կամավոր ապահովագրությունը  մահանում է քիչ-քիչ, այնինչ բժշկական ապահովագրությունը  ավելի քան անհրաժեշտ է հատկապես անապահով բնակչության համար: Դա կարող է դառնալ համակարգային խնդիրների լուծման եղանակ: Պետք է ստեղծվի առողջապահական ապահովագրության ազգային պետական գործակալություն, որը չի ժխտի մասնավոր ապահովագրական ընկերությունների գոյությունը» -, կարեւորում է ակնաբույժ Սահակ Դաշյանը:

Վլադիմիր Ավագյան ԲԿ վիրաբուժության  բաժանմունքի ղեկավարար Տիգրան Քամալյանն էլ առաջարկում է դիմել ֆինանսավորում գտնելու այլընտրանքային տարբերակին: Ֆինանասկան եւ այլ խնդիրներն, ըստ նրա,  կլուծվեն , եթե լինի կամք ու պատրաստակամություն:

«Ֆինասավորման հարցում եւս պետպատվերից եւ ապահովագրումից բացի  այլընտրանքային ինչ- ինչ ճանապարհներ կարելի է գտնել: Աշխարհում ընդունված են տարբեր գիտական, բարեգործական ֆոնդեր, որոնք այլընտրանքային ֆինանսավորման մեթոդներ են: Մեր ճանապարհը դժվար է լինելու, բայց դրական ելքով, քանի որ մենք ունենք լավ երիտասրադ կադրեր»,- ընդգծում է նա:

<<Ի դեմս առողջապահական համակարգի մենք ունենք ոլորտ, որտեղ բոլորը  դժգոհ են… Բժիշկները դժգոհ են նախարարությունից, նախարարությունը դժգոհ է բժիշկներից, հիվանդները դժգոհ են եւ մեկից եւ մյուսից… Բոլորն իրենց կարծիքն են ասում եւ մյուսներին լսել չեն ցանկանում,  անում են այն, ինչ կարող են անել՝ իրենց հանապազօրյա խնդիրները լուծելու համար: Չկա սրտացավություն եւ վստահություն, որ բժիշկը տվյալ բուժումը նշանակում է, ոչ թե բուժման շարժառիթներից ելնելով, այլ իր կամ իր հիվանդանոցի կոմերցիոն շահերից ելնելով… այս մթնոլորտում համակարգը  չի կարող կայանալ>>,- ամփոփում է նախաձեռնության հիմնադիր Գեւորգ Թադեւոսյանը:

Բարեփոխումների հանրային նախաձեռնության  ակումբում շուրջ երեք ժամ քննարկումից հետո ընդհանուր հանրագումարի գալ այդպես էլ չի հաջողվում,  սակայն բանավեճը բազմաթիվ խմորումների առիթ է դառնում, տարբեր ելքեր են նախանշվում: Մտքերն իրականություն կդառնան, սակայն, միայն այն դեպքում, եթե դրանցով լրջորեն զբաղվեն պատկան մարմինները: Մասնագետները մեկ ելք են առաջարկում, ներկայացնել հնչած մտքերն ու տեսակետները նախարարություն, ոլորտում աշխատող բժիշկների ներսից հայացքը, կարող է շատ բան փոխել:

 

 

 

 

 

Այս Բաժնից