Search
Close this search box.

Անկեղծ ձգտում, թե իմիտացիա. Երևանի ավագանու ընտրությունները փորձաքար են նոր իշխանության համար

Այսօր մեկնարկեց Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը:  Առաջիկա 12 օրերին ընտրություններին մասնակից 11 քաղաքական ուժերն ու նրանց քաղաքական թիմերի ներկայացուցիչները ներկայացնելու են Երևանի զարգացման իրենց տեսլականը՝ սկսած աղբահանությունից մինչև ջրամատակարարում, տրանսպորտային ենթակառուցվածքներից մինչև մշակութային կյանքի աշխուժացում: Բոլորը հայտարարելու են, որ անկեղծորեն սիրում են Երևանը, և քաղաքապետ ընտրվելու դեպքում իրենց ուժերն ու անգամ կյանքը չեն խնայելու Երևանին ծառայելու համար: Բայց Երևանի քաղաքապետի ընտրությունները առաջին հերթին քաղաքական ընտրություններ են և ոչ միայն այն պատճառով, որ այդ ընտրություններին մասնակցում են ոչ թե առանձին անհատներ, այլ քաղաքական կուսակցություններ և դաշինքներ, դրանով նաև ընդգծելով ընտրությունների քաղաքական լինելը: Երևանի քաղաքապետի ընտրություններում ի հայտ է գալու այն քաղաքական համակարգը, որը գալու է փոխարինելու հնին, կամ ընդհակառակը արձանագրելու ենք, որ չնայած անհատների փոփոխությանը, երկրում քաղաքական համակարգի փոփոխություն տեղի չի ունեցել:

Մինչև այժմ Հայաստանում գործում էր միակուսակցական համակարգ: Ֆորմալ առումով կային տարբեր կուսակցություններ, նույնիսկ տասնյակներով, սակայն այդ կուսակցությունները որևէ էական դեր չունեին քաղաքական գործընթացներում, այլ կատարում էին դեկորացիայի դեր, նրանց դերը հենց այդ բազմակուսակցական համակարգի առերևույթ գոյությունը ցուցադրելն էր և ոչ ավելին: Իշխանական համակարգը ամբողջովին կազմված էր մեկ կուսակցությունից՝ ՀՀԿ-ից, որը ինքն իրեն վերարտադրում էր, անկախ հանրային տրամադրություններից, բացահայտ հայտարարելով իր անփոխարինելիության մասին: Ինչպես պետական իշխանության բոլոր մարմիններում, այնպես էլ  ՏԻՄ մարմիններում ՀՀԿ-ականներ էին: Դժվար էր անգամ պատկերացնել, թե ինչպես կարող է որևէ քաղաքապետ ընտրվել ոչ ՀՀԿ-ական: Քանի որ Հայաստանում ընտրական համակարգը գտնվում էր իշխանության տոտալ վերահսկողության տակ, որևէ կասկած չկար, որ անկախ ընտրողների դիրքորոշումից, ընտրության արդյունքները լինելու են հօգուտ ՀՀԿ-ական թեկնածուի:

2017թ. Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ երկրի երկրորդ քաղաքական ուժ համարվող ԲՀԿ-ն ընդհանրապես չմասնակցեց, բոյկոտելով ընտրությունները, և որևէ մեկի մոտ հարց չառաջացավ, թե ինչպես կարող է նման բան տեղի ունենալ: Չնայած բոլորի համար էլ պարզ էր, որ ԲՀԿ-ն չմասնակցեց, որովհետև գիտեր, որ ընտրությունների արդյունքը կանխորոշված է, եթե ՀՀԿ-ն խորհրդարանում է, կառավարությունում, ապա պետք է լինի նաև Երևանի քաղաքապետարանում: Սա կոչվում է քաղաքական մենաշնորհ, երբ որևէ քաղաքական ուժ վերցնում է երկրի իշխանությունն ամբողջությամբ,  չհանդուրժելով որ որևէ այլ կուսակցություն կարող է մասնակցել երկրի կառավարմանը: Կոալիցիաների գոյությունը մեր երկրում միշտ կրել է ձևական բնույթ, քանի որ կոալիցիաների մասնակից ուժերը որևէ ազդեցություն չեն ունեցել որոշումների կայացման վրա, և դարձյալ կատարել են դեկորացիայի ֆունկցիա:

Նուբարաշեն համայնքում, ԲՀԿ քարոզարշավի մեկնարկի ժամանակ ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը առաջ քաշեց քաղաքական մենաշնորհի վերացման անհրաժեշտության թեզը: Ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ քաղաքականության մեջ մենաշնորհի գոյությունը զարգացման ամենամեծ խոչընդոտն է, քանի որ մրցակցության բացակայությունը բերում է լճացման և զարգացման մոտիվացիայի վերացման:

Առաջիկա ընտրությունները ցույց կտան, թե արդյոք նոր իշխանությունները կգնան նախորդի հետքերով և բոլոր միջոցներով կփորձեն ապահովել իրենց թեկնածուի հաղթանակը, թե կհանդուրժեն նաև այլ կուսակցությունների հաջողությունը: Ընտրությունները փորձաքար են յուրաքանչյուր իշխանության համար և միայն դրանց միջոցով է հնարավոր պարզել, թե արդյոք անկեղծ են իշխանությունները ժողովրդավարություն կառուցելու իրենց հայտարարություններում, թե նրանց համար գերխնդիրը սեփական իշխանության վերատադրությունն է խտրականություն չդնելով միջոցների մեջ: