Search
Close this search box.

ՀՀ նախագահի հրամանագիրն ինձ այդպես էլ չի հանձնվել և պատշաճ կարգով չի ծանուցվել, հետևապես այն ուժի մեջ չի մտել. Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այսօր պատրաստվում էի նամակս հասցեագրել ՀՀ Վարչապետ պրն. Ն. Փաշինյանին…

Նամակում ներկայացրել էի՝ ինձ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին ՀՀ նախագահի հրամանագիրը անվավեր ճանաչելու հիմքերը: Նամակին կցված էին նաև ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչի որոշումը, ՀՀ Նախագահին հասցեագրած նամակս, ՀՀ Նախագահի աշխատակազմից ստացված գրությունները:

Սակայն, այսօր անսպասելիորեն Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար պրն. Է. Տարասյանի կողմից ստացել եմ ևս մեկ պատասխան, որում, մասնավորապես, գրված է. ՛՛Ի լրումն Հանրապետության նախագահի աշխատակազմի 2018թվականի օգոստոսի 2-ի ԱՂ-1838 գրության հայտնում ենք, որ Սահմանադրության 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով: Այդ առումով, Հանրապետության նախագահը, ի տարբերություն 2005 թվականի խմբագրությամբ Սահմանադրության, չունի գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու և ազատելու սահմանադրական լիազորություն…:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Սահմանադրության 176-րդ հոդվածի համաձայն դատախազության կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով, իսկ «Դատախազության մասին» օրենքի 36-րդ հոդվածի համաձայն գլխավոր դատախազի տեղակալին նշանակում է գլխավոր դատախազը:

Սա այն հարցի պատասխանն էր, ինչն ակնկալվում էր ՀՀ նախագահի աշխատակազմից:

Այս գրությամբ ՀՀ նախագահի աշխատակազմը պաշտոնապես պարզաբանում է, որ նախկին ՀՀ նախագահի կողմից ՀՀ գլխավոր դատախազի տեղակալին պաշտոնից ազատելու ոչ իրավաչափ հրամանագիրն անվավեր կարող է ճանաչվել բացառապես ՀՀ գլխավոր դատախազի կողմից…

Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար պրն. Է. Տարասյանին, խնդրում եմ այդ գրությունը հասցեագրել նաև ՀՀ գլխավոր դատախազին…

Հ.Գ. Ներքոհիշյալ հղումներն արված են ինձ դատախազի պաշտոնից ազատելու ժամանակահատվածում գործող օրենսդրությանը:

ՀՀ նախագահի հրամանագիրը որպես անհատական իրավական ակտ ըստ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի … ընդունվում է միայն նորմատիվ իրավական ակտի համաձայն և դրա սահմանած շրջանակում: Նույն օրենքի 13 հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագրեր և կարգադրություններ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում: Ավելին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և Հայաստանի Հանրապետության օրենքներին… (13 հոդվածի 2 մաս):

Նույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի… անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց ընդունմանը հաջորդող օրվանից, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով, այլ օրենքներով կամ այդ անհատական իրավական ակտով: Եթե նշված անհատական իրավական ակտերով նախատեսված է պարտականություն (այդ թվում՝ հանձնարարություններ) սահմանող կամ…անձանց իրավական վիճակը վատթարացնող դրույթ, ապա այդ անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում տվյալ անհատական իրավական ակտը… քաղաքացիներին հանձնվելու կամ նրանց տրամադրած (նշած) գտնվելու կամ բնակության վայր ուղարկելու կամ պատշաճ այլ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից…:

Սակայն առ այսօր ՀՀ նախագահի հրամանագիրն ինձ այդպես էլ չի հանձնվել և պատշաճ կարգով չի ծանուցվել, հետևապես այն ուժի մեջ չի մտել…

Նույն օրենքի 74 հոդվածն ամբողջությամբ նվիրված է իրավական ակտն անվավեր ճանաչելուն: Ըստ այդ հոդվածի 1-ին մասի իրավական ակտը անվավեր է ճանաչվում՝ իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված վերադաս մարմնի որոշմամբ, եթե իրավական ակտի ընդունման պահին դա հակասել է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտին…:

Ըստ որում նույն հոդվածի 2.1. հստակ սահմանված է, որ ՛՛սույն հոդվածի առաջին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում իրավական ակտն անվավեր կամ իրավաբանական ուժ չունեցող է ճանաչվում ընդունման պահից՛՛:

Իսկ 74 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին իրավական ակտով կարող են լուծվել`
1) իրավական ակտն անվավեր ճանաչելու հետևանքով անձանց խախտված իրավունքները ճանաչելու կամ մինչև խախտումը եղած դրությունը վերականգնելու հարցերը.
2) անձանց իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կասեցնելու կամ վերացնելու հարցերը.
3) անվավեր ճանաչված իրավական ակտն ընդունելու և անվավեր ճանաչելու հետևանքով պատճառված վնասները հատուցելու հարցերը:

Սա Նոր Հայաստանն է և վերջ…