Search
Close this search box.

ՀՀ նախագահի հրամանագիրը հակասել է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի պահանջներին. ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալի պարզաբանումը

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Օրինականությունը մի պրոցես է, որին ոչ բոլորն են ինտեգրվում, իսկ ոմանք փորձում են շրջանցել այն…
Սակայն առկա պայմաններում նման գործելաոճը ոչ այլ ինչ է, եթե ոչ տարօրինակ ինքնախարազանում…

Երբ դիմում էի ՀՀ նախագահ պրն. Արմեն Սարգսյանին՝ ինձ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու ՀՀ Նախագահի 2013թ. հոկտեմբերի 15 ՆՀ- 264 –Ա հրամանագիրն անվավեր ճանաչելու խնդրանքով, չէի կարող պատկերացնել, որ այս պրոցեսին ոմանք կվերաբերվեին այս չափ անպատասխանատվությամբ: Իսկ խոսքը ոչ ավել, ոչ պակաս ՀՀ նախագահի կողմից ընդունած ոչ իրավաչափ կամ ապօրինի հրամանագրի մասին է…

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Է. Տարասյանը իմ դիմումը հասցեագրել է ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ արդարադատության նախարարություն: Ապա այդ գերատեսչություններից ստացված պատասխան-գրություններն ՀՀ նախագահի աշխատակազմից փոխանցվել է ինձ: Այս ամենի մեջ զավեշտալին թերևս ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի գրությունն է. այն բացարձակ ծաղրանք է օրինականության և ՀՀ նախագահի աշխատակազմի նկատմամբ. քանզի այդ գրությունը բարեխիղճ մոլորության ժանրից է… և բնավ կապ չունի իմ կողմից ներկայացրած հարցադրումների հետ:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի գրությունից կարելի է ենթադրել, որ, եթե Ա. Դանիելյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում, և Ա. Դանիելյանը չի բողոքարկել այդ որոշումը, ապա ՀՀ նախագահի հրամանագիրը իրավաչա՞փ է:

Այո, ես չեմ բողոքարկել այդ որոշումը և իմ ՖԲ-ն էջում և մամուլում պարզաբանել, թե ինչու չեմ բողոքարկել այն:

Բողոքարկել մի որոշում, որում ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննչի կողմից պարզվել և սևով սպիտակի վրա արձանագրվել է, որ «Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «Արմեն Դանիելյանին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու դեպքում բացակայել են դատախազին պաշտոնից ազատելու՝ «Դատախազության մասին» ՀՀ օրենքով թվարկված բոլոր հիմքերը, այդ թվում նրա գրավոր դիմումը, հետևաբար՝ նա զբաղեցրած պաշտոնից ազատվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ»:

Կարծում եմ՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը տեղյակ է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դատախազը հաստատել է քրեական գործի հարուցումը մերժելու օրինականությունը:

Իսկ այդ որոշման օրինականությունը հաստատելով դատախազը փաստել է, որ Արմեն Դանիելյանին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատել են օրենքով սահմանված կարգի խախտմամբ:

Այսպիսով, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը և ՀՀ դատախազությունը ոչ միայն պարզել են, այլ նաև հաստատել, որ ՀՀ նախագահի հրամանագիրը հակասել է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի պահանջներին:
Իսկ Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագրեր և կարգադրություններ, որոնք չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին ու ենթակա են կատարման Հանրապետության ամբողջ տարածքում։

Եվ ամենևին էլ պարտադիր չէր, որ իրենց կուռքն ու «սիրելին» համարվող գևորգ կոստանյանը անպայման ենթարկվեր քրեական պատասխանատվության, որ համոզվեին, որ ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալի իրավունքը խախտվել է…

Անվավեր է այն ոչ իրավաչափ ակտը, այդ թվում նաև ՀՀ նախագահի հրամանագիրը, որն ընդունվել է՝ օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:

Դիմելով ՀՀ Նախագահին խնդրել էի քննարկել ՀՀ Նախագահի 2013թ. հոկտեմբերի 15 ՆՀ- 264 –Ա հրամանագիրն անվավեր ճանաչելու հարցը: Սակայն ցավոք հարցադրումս մնաց անպատասխան…

Իսկ իր ինքնատիպ գրությամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ոչ միայն փորձել է մանյովրել և ոչ ադեկվատ կերպով չպատասխանել ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի հասցեագրած գրությանը (դա բացահայտ ծաղրանք է), այլև իր ոչ համարժեք պատասխանով թույլ է տվել կասկածի տակ դնել օրինականության վերականգման իմ արդարացի պահանջը:

Եվ երբ ասում եմ, որ ոմանք նվազագույն շանս չունեն ձերբազատվելու նախկին գործելակերպից, թող զարմացած այս ու այն կողմ չնայեն, թե ոչինչից տեղյակ չեն, ուղիղ թող նայեն հայելու մեջ և կտեսնեն իրենց իրական պատկերը…

Հ.Գ. 1. Այսօր ինձ հետ կապնվել են ՀՀ նախագահի աշխատակազմից և քննարկել ՀՀ նախագահի հրամանագիրն անվավեր ճանաչելու որոշ իրավական հարցադրումներ: Զգացված են ՀՀ նախագահի աշխատակազմի վերաբերմունից, և չեմ կասկածում, որ այդ հրամանագիրը անվավեր է ճանաչվելու…

Հ.Գ. 2. Խնդրում եմ համադրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի գրությունը և ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչի կողմից ընդունած որոշման մեջ արձանագրվածը… Ըստ որում՝ այդ որոշման օրինականությունը հաստատվել է դատախազի կողմից: Մեկնաբանություններն ավելորդ են…

Արմեն Դանիելյան-ի լուսանկարը:

Արմեն Դանիելյան-ի լուսանկարը: