Search
Close this search box.

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ՀՔԾ պետի հնչեցրած մտքերը համարում են միջամտություն քրեական գործին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները համարում են, որ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, հեռուստատեսությամբ ներկայացնելով մարտի 1-ի գործի վերաբերյալ որոշ մանրամասներ ու վերլուծություններ, միջամտել է գործին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Սարգիս Գրիգորյանը նշեց, որ իր գնահատմամբ, «ՀՔԾ պետի վերլուծությունը կոնկրետ քրեական գործի վերաբերյալ միջամտություն է արդարադատությանը»: «Դա հստակ ամրագրված նորմ է սահմանադրական օրենք «Դատական օրենսգրքում», որը արձանագրում է, որ պետական մարմինները պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի միջամտություններից ու քննարկումներից, որոնք վտանգում են տվյալ դատական գործընթացը: Մենք կարծում ենք, որ հրապարակային հայտարարությունը կամ գործի քննարկումը անմիջական միջամտություն է գործին»,- ասաց նա:

Պաշտպանական խմբին միացած փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով էլ՝ հնչեցվող գնահատականները չպետք է լինեն այնքան միանշանակ, որից աներկբա հետևի, որ տվյալ մեղադրյալը հաստատ կատարել է այդ հանցագործությունը: «Դա անմեղության կանխավարկածի ամենակոպիտ խախտումներից, դրսևորումներից մեկն է»,- ավելացրեց նա:

Պաշտպան Ռուբեն Սահակյանն էլ մտավախություն հայտնեց, որ Սասուն Խաչատրյանի խոսքերը կարող են ազդել գործը քննող դատավորի վրա: «Հարցազրույցը կարող է տեսնել նաև այն դատավորը, որը պետք է լսի այս բողոքը: Մարդը կարող է վախենալ ու մտածել, որ եթե հանկարծ վաղը գտնեն, որ ինքը սխալ որոշում է կայացրել, ո ՞վ պետք է քննի՝ պետք է քննի Հատուկ քննչական ծառայությունը, որի պետն արդեն երեկ իր գնահատականները տվել է: Այս տեսանկյունից ևս հարիր չէր նրա ելույթը»,-ասաց Ռուբեն Սահակյանը:

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն օգոստոսի 3-ին Առաջին ալիքի «Օրակարգ» հարցազրույցի շրջանակներում գաղտնազերծեց հույժ գաղտնի «0038» հրամանից որոշ հատվածներ՝ նշելով, որ դրանք անհերքելի ապացույցներ են, որ ՀՀ երկրորդ նախագահը Զինված ուժերին ներքաշել է ներքաղաքական գործընթացների մեջ, ինչը թույլատրված չի եղել, և նպաստել է սահմանադրական կարգի տապալմանը: Բացի այդ՝ նա կարծիք հայտնեց, որ Վերաքննիչ դատարանը պետք է մերժի կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ բողոքը, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է շարունակի կալանավորված մնալ գործի հետագա ընթացին չմիջամտելու համար:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 27-ին որոշում է կայացել երկու ամսով կալանավորելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նա մեղադրվում է 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու մեջ: Նույն արարքի մեջ են մեղադրվում նաև 2008-ին պաշտպանության փոխնախարար, այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը։ Հարությունյանը հետախուզման մեջ է, Խաչատուրովը ազատ է արձակվել 5 միլիոն դրամ գրավի դիմաց։