Search
Close this search box.

Սերժ Սարգսյանը չվճարեց, չպետք է վճարի նաեւ Նիկոլ Փաշինյանը

Հայաստանի վարչապետի խոսնակ Արման Եղոյանը ռուսական ՌԲԿ-ին հայտնել է, որ Հայաստանը մտադիր է պահել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, որի քվոտան Հայաստանինն է մինչեւ 2020 թվականը: Հարցը օրակարգային է դարձել Մարտի 1-ի գործով Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքից հետո: Խաչատուրովին չեն կալանավորել, սակայն միեւնույն է առաջացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գործունեության խնդիր:

Պարզ չէ, թե ընդհանրապես ինչով է զբաղված Խաչատուրովը եւ իրապե՞ս նա ունի գործունեություն, որը հնարավոր է խոչընդոտել եւ առանց որի ՀԱՊԿ-ը չի աշխատի, բայց դա իհարկե այլ հարց է:

Միեւնույն ժամանակ, ռուսական մամուլում տեղեկություն կա՝ ՌԴ ԱԳՆ անանուն աղբյուրին հղումով, որ ՀԱՊԿ անդամները կարող են չհաստատել գլխավոր քարտուղարի Հայաստանի նոր թեկնածուին:

Հայաստանի ներկայացուցիչ Խաչատուրովի թեկնածությունն էլ հաստատվեց շատ բարդ: Հաստատումը անընդհատ հետաձգվում էր, մի քանի Վեհաժողով, գրեթե մեկ տարի: Տեղեկություններն այդ կապակցությամբ տարբեր էին: Խոսկացություններ էին շրջանառվում, որ Բելառուսն ու Ղազախստանը դեմ են Հայաստանի ներկայացուցչին, որովհետեւ պաշտպանում են Բաքվի շահերը:

Հայաստանի ներկայացուցչի թեկնածության առնչությամբ խնդիրների մասին մի առիթով ակնարկել էր նաեւ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, 2016 թվականի դեկտեմբերին Սանկտ-Պետերբուրգում ՀԱՊԿ Վեհաժողովից առաջ հայտարարելով, որ Հայաստանը չի փոխի իր թեկնածուին: Այն ժամանակ պարզ չէր, թե ով է թեկնածուն, բայց նկատելի էր, որ ՀԱՊԿ-ում կա այդ թեկնածության շուրջ դիմադրություն:

Միաժամանակ նկատվում էր եւ այն, որ Հայաստանն էլ առանձնապես աշխույժ չէ այդ դիմադրությունը հաղթահարելու հարցում եւ համբերատար սպասում է: Սերժ Սարգսյանն ըստ երեւույթին չէր ցանկանում որեւէ գին վճարել ՀԱՊԿ գլխավցոր քարտուղարի պաշտոնում հայաստանցի ներկայացուցչի նշանակման համար, համարելով, որ խոշոր հաշվով Հայաստանին այդ պաշտոնը պետք չէ:

Այն, որ դա այդքան էլ պետք չէ, հետո մի առիթով ակնարկել էր պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, ասելով, թե Խաչատուրովը չի կարող գործել ՀԱՊԿ մյուս պետությունների որոշումներից անկախ եւ ըստ այդմ Հայաստանի ներկայացուցիչ լինելը չի նշանակում ոչինչ:

Ի վերջո, հարցը լուծվեց 2017 թվականի մայիսին, Կիրգիզիայում Վեհաժողովի ժամանակ: Սերժ Սարգսյանն ըստ երեւույթին հասավ նրան, որ մի կողմից նշանակվեց իր ուզած ներկայացուցիչը, մյուս կողմից էլ առանց գին վճարելու, ինչը թերեւս ակնկալում էին ՀԱՊԿ որոշ անդամներ: Սերժ Սարգսյանը գործնականում ազատվեց Յուրի Խաչատուրովից, որը Հայաստանում իր գործունեությամբ թերեւս ավելի ՀԱՊԿ ներկայացուցիչ էր, քան ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ:

Պե՞տք է Հայաստանը պահի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, թե ոչ: Այս օրերին բազմաթիվ են տարատեսակ կարծիքներն ու հրապարակումները, այդ թվում ռուսական մեդիայում եւ փորձագիտական շրջանակում, թե Հայաստանը Խաչատուրովի հանդեպ մեղադրանքով խաղում է ՀԱՊԿ հեղինակության հետ:

ՀԱՊԿ հեղինակության հետ Հայաստանի հանդեպ ոչ դաշնակցային, անպարկեշտ ու անտարբեր քաղաքականությամբ խաղում են ՀԱՊԿ մյուս անդամները, ոչ թե Հայաստանը: Ընդ որում, խաղում են վաղուց, այնպես եւ այնքան, որ 2014 թվականին Սերժ Սարգսյանը Մոսկվայի Վեհաժողովում նույնիսկ բավական կոպիտ հայտարարեց, թե իր գործընկերները նույնիսկ հեռախոսը չեն վերցնում եւ չեն զանգահարում Երեւան, տեղեկանալու համար, թե ինչպես է վիճակը անվտանգության հարցերում, կապված Ադրբեջանի սադրանքների հետ:

Ասել կուզի, ՀԱՊԿ խնդիրները ամենեւին նոր չեն եւ ներկայում Խաչատուրովի հանդեպ գործընթացը որեւէ առնչություն չունի ՀԱՊԿ հեղինակության հետ, քանի որ այդ հեղինակությունը կոպտորեն վարկաբեկել են կամ կասկածի տակ են դրել ՀԱՊԿ այն անդամները, որոնք տարիներ շարունակ քաղաքական ու ռազմա-տեխնիկական ահռելի ծավալների օժանդակություն են ցուցաբերել իրենց անդամ Հայաստանին պատերազմով սպառնացող ոչ անդամ Ադրբեջանին:

Երեւանն իհարկե դաշնակցային բարեխղճության շարունակվող քաղաքականության շրջանակում պատրաստակամ է անել բոլոր անհրաժեշտ քայլերը, ՀԱՊԿ աշխատանքի որեւէ խոչընդոտ թույլ չտալու համար, թեեւ, օրինակ ՀԱՊԿ հետ ոչինչ չէր պատահել, երբ մի քանի ամիսէ 2016-ի դեկտեմբերի վերջից մինչեւ 2017-ի մայիս չկար գլխավոր քարտուղար:

Հետեւաբար այդ առումով Խաչատուրովի հանգամանքը շոշափելը բացարձակ մանիպուլյացիա է, որը գուցե անում են Հայաստանի հակառակորդները, կամ հենց Խաչատուրովի կողմնակիցները՝ նրան պաշտպանելու համար:

Միաժամանակ, իր բարեխղճությամբ եւ այսպես ասած ԳՔ քվոտային տեր կանգնելու պատրաստակամությամբ, Երեւանն այդուհանդերձ չպետք է ընդունի ՀԱՊԿ որեւէ պայման: Թող մերժեն գլխավոր քարտուղարի նոր թեկնածությունը որքան կուզեն, ինչպես մերժում էին Սերժ Սարգսյանի ժամանակ: Պետք չէ որեւէ գին վճարել դրա համար: Իսկ եթե չեն ուզում պահել Հայաստանի քվոտան, ապա դա էլ խնդիր չէ, քանի որ մեծ հաշվով դա ոչ թե գործուն քվոտա է ինչ որ բան անելու, այլ ավելի շատ Հայաստանի բերանը փակելու միջոց, ինչպես դիպուկ ակնարկել էր Վիգեն Սարգսյանը պաշտպանության նախարարի կարգավիճակում:

lragir.am