Search
Close this search box.

Խաչատուրովն ունի անձեռնմխելիություն, թե ոչ. ԱԳՆ խոսնակի պարզաբանումները

Հրավիրած մամլո ասուլիսում ԱԳՆ խոսնակ Բալայանը անդրադարձավ Խաչատուրովին ներկայացված մեղադրանքի ու հնարավոր անձեռնմխելիություն ունենալու մասին հարցին՝ ասելով. «Դատավորը մեզ դիմել էր պարզելու՝ նա ունի անձեռնմխելիություն, թե ոչ: Ես այժմ չեմ կարող հրապարակել մեր պատասխանի բովանդակությունը, որովհետև համոզված չեմ՝ դատավարական գաղտնիք կհրապարակեմ, թե ոչ: Կարող եմ ասել, որ պարոն Խաչատուրովի գործին կցված է մեր պատասխանը: Նրա անձեռնմխելիությունը սահմանվում է ՀԱՊԿ իրավական կարգավիճակի մասին 2002 թվականի հոկտեմբերի 7-ի համաձայնագրում: Կարծում եմ՝ դատավորը վճիռ կայացնելիս հաշվի է առել մեր պատասխանը»:

Քանի դեռ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր խորհուրդը որոշում չի կայացրել գլխավոր քարտուղարի վերաբերյալ, Յուրի Խաչատուրովը շարունակում է մնալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Անդրադառնալով ավելի վաղ արած հայտարարությանն այն մասին, որ հայկական կողմն առաջարկել է ՀԱՊԿ գործընկերներին սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը, Բալայանն ընդգծեց, որ այդ քայլերն ամբողջովին համապատասխանում են ՀԱՊԿ իրավական կարգավիճակի մասին համաձայնագրի դրույթներին: «Այս առնչությամբ ինտենսիվ քննարկումներ են ընթանում մեր գործընկերների հետ»,- նշեց նա:

ԱԳՆ խոսնակն ընդգծեց, որ քննարկումների ու կոնսենսուսի միջոցով պարզ կլինի, թե ով, ինչպես ու ինչ ժամկետներում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում փոխարինելու Խաչատուրովին: