Search
Close this search box.

Ամուլսարում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է մոտ 50 հա խոտածածկ տարածք եւ 40 գիհի

Ամուլսարում հուլիսի 30-ին բռնկված հրդեհը մարվել է նույն օրը երեկոյան, այրվել է մոտ 50 հա խոտածածկ տարածք եւ 40 գիհի:

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին, ժամը 15:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան բնակավայրի «Գյունեյ» կոչվող տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Հրդեհը մարվել է ժամը 17:08-ին: Այրվել է մոտ 25 հա խոտածածկ տարածք:

Ժամը 16:14-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհը բռնկվել է Վայոց ձորի մարզի Սարավան եւ Գնդեվազ գյուղերին հարակից Ամուլսար լեռան ստորոտում:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ եւ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը Սարավանի «Գյունեյ» հատվածից տարածվել է դեպի Ամուլսար:

Ժամը 18:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 3 մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի 4 ջրատար ավտոմեքենա, 12 հրշեջ-փրկարար ազատ հերթափոխից, 30 քաղաքացի եւ 5 բնապահպան:

Ժամը 20:19-ի դրությամբ հրդեհը մեկուսացվել է, ժամը 20:30-ին՝ մարվել: Ընդհանուր առմամբ այրվել են մոտ 50 հա խոտածածկ տարածք եւ 40 գիհի: