Search
Close this search box.

Օսիպյանի քավորի գործով ՊԵԿ-ում ծառայողական քննություն է ընթանում. ՊԵԿ նախագահը հաստատում է

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանը, ըստ մամուլի հրապարակումների, հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում: Նրա լիազորությունները դադարեցվել են:

«Կարեն Կարապետյանի լիազորությունները դադարեցված չեն, համենայնդեպս, այդպիսի իրավական ակտ կամ հրաման չկա, չկա հարուցված քրեական գործ, կա ծառայողական քննություն, որն իրականացվում է չճշտված տեղեկությունները ճշտելու նպատակով»,- ասաց ՊԵԿ ղեկավարն՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին:

Դավիթ Անանյանն ընդգծեց, որ չի կարող բացահայտել այն տեղեկությունը, որն այսօր ծառայողական քննության առարկա է:

«Կարեն Կարապետյանը, որպես օպերատիվ հետախուզության վարչության պետ, բարձր պրոֆեսիոնալ է, բայց որոշակի վարքագիծ այսօր դիտարկում ենք, ճշտվելու է, թե դա տեղի ունեցել է, թե՝ ոչ: Ստացված տեղեկատվության հիման վրա, իմ հրամանով ծառայողական քննությունն է իրականացվում: Հնարավոր երեք ելք կարող է լինել՝ առաջին հերքվում է տեղեկատվությունը եւ Կարեն Կարապետյանը շարունակում է իր պաշտոնավարումը, երկրորդ՝ տեղեկատվության մի մասն է ճշտվում, մյուս մասը՝ հերքվում, եւ այդտեղ գնահատվում է նրա պաշտոնավարության նպատակահարմարությունը: Երրորդ՝ ամբողջ ծավալով տեղեկատվությունը ճշտելուց հետո, օրինակ՝ ՀՔԾ ուղարկելու նյութեր ենք ունենում: Այս պահին նա իր աշխատանքային գործունեությունն է իրականացնում իր չորս տեղակալի միջոցով»,- պարզաբանեց ՊԵԿ ղեկավարը՝ հավելելով, որ ծառայողական քննության առարկան վարչության գործունեությունն է, որի ղեկավարն այսօր Կարապետյանն է:

Հիշեցնենք, որ ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ, Վալերի Օսիպյանի քավոր Կարեն Կարապետյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում, չի բացառվում, որ շուտով քրեական գործ հարուցվի:
armtimes.am