Search
Close this search box.

Մեր խնդիրն է, որ հաղթանակածի զգացողությունը պահպանվի ոչ թե մեկ տարի, այլ մշտապես

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ կատարած իր այցի ընթացքում հանդիպեց Սիսիանի հրապարակում հավաքված բնակիչների հետ, լսեց նրանց հարցերը և վստահեցրեց ընթացք տալ դրանց լուծմանը։ Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Պաշտոնյան նշեց, որ իրեն մեղավոր է զգում, որ քայլարշավի ժամանակ Սյունիքը չի ներառվել իր երթուղում, բայց դա ունի իր օբյեկտիվ հիմքերը․  «Եթե այստեղից սկսեինք, երևի հիմա նոր Երևան կհասնեինք»՝ կատակեց վարչապետը։ «Մեր այցի նպատակը ձեր առջև արձանագրելն, է որ ձեռք բերված հաղթանակը ձեզանից յուրաքանչյուրին է։ Մեր խնդիրն է, որ հաղթանակածի զգացողությունը պահպանվի ոչ թե մեկ ամիս, մեկ տարի, այլ մշտական լինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձավ բնակիչների բարձրացրած տարաբնույթ հարցերին, որոնք ինչպես անձնական, այնպես էլ հասարակական նշանակության էին։ Սիսիանի պատմության թանգարանի աշխատակից Աննա Ռուբենյանն իր մտահոգությունն արտահայտեց այն առնչությամբ, որ Բռնակոթ համայնքում կա երկու գետ, որոնցով աշխատեցնում են միայն հիդրոէլեկտրակայաններ, իսկ գյուղացու ամբողջ բերքը չորացել է։ «Խնդրում եմ այդ հարցին լուծում տալ։ Սիսիանում ևս կա այդ խնդիրը»,-ասաց Աննա Ռուբենյանը։ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նշեց, որ շատ հարցերի դեպքում ինքը բարձրացված խնդիրներն ընդունելու է որպես ի գիտություն, դրանք ուսումնասիրվելու են ու, եթե լինեն քաղաքացիների իրավունքների խախտումներ, դրանք շուտափույթ լուծում կստանան։