ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Իրավական պետությունում ոչ մի պաշտոնյա, այդ թվում՜ երկրի նախագահը չի կարող ընդունել ոչ իրավաչափ իրավական ակտ…

Այո՛, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարող է անվավեր ճանաչել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալին աշխատանքից ազատելու մասին ՀՀ նախագահի հրամանագիրը, եթե այն հակասել է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին…

Ի դեպ… իրավական ակտերն անվավեր ճանաչելու ընթացակարգ նախատեսված էր ինչպես ՛՛Իրավական ակտերի մասին՛՛ ՀՀ օրենքում (3 ապրիլի 2002 թ. չի գործում), այնպես էլ ներկայումս այդ հարաբերությունները կարգավորող ՛՛Նորմատիվ իրավական ակտերի մասին՛՛ ՀՀ օրենքում (21 մարտի 2018 թ.):

՛՛Իրավական ակտերի մասին՛՛ ՀՀ օրենքը գործում էր ինձ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու ընթացքում:

Եվ այսպես…
՛՛Իրավական ակտերի մասին՛՛ ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի
1-ին մասի համաձայն՝ իրավական ակտն անվավեր է ճանաչվում`
1) իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված վերադաս մարմնի որոշմամբ, եթե իրավական ակտի ընդունման պահին դա հակասել է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտին:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին իրավական ակտով կարող են լուծվել`
1) իրավական ակտն անվավեր ճանաչելու հետեւանքով անձանց խախտված իրավունքները ճանաչելու կամ մինչեւ խախտումը եղած դրությունը վերականգնելու հարցերը.
2) անձանց իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կասեցնելու կամ վերացնելու հարցերը.
3) անվավեր ճանաչված իրավական ակտն ընդունելու եւ անվավեր ճանաչելու հետեւանքով պատճառված վնասները հատուցելու հարցերը:

՛՛Նորմատիվ իրավական ակտերի մասին՛՛ ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտն անվավեր է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի ակտով, եթե ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ընդունվել կամ գործել է` հակասելով ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով լուծվում են`
1) նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու հետեւանքով անձանց խախտված իրավունքները ճանաչելու կամ մինչեւ խախտումը եղած իրավական վիճակը վերականգնելու հարցերը.
2) անձանց իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կասեցնելու կամ վերացնելու հարցերը.
3) անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտն ընդունելու եւ անվավեր ճանաչելու հետեւանքով պատճառված վնասները հատուցելու հարցերը:

Օրենքով սահմանված իրավակարգավորումներն ապացուցվելու կարիք չունեն…